168.am - Իհարկե, «սև ցուցակ», որպես այդպիսին, դեռ չկա։ Սակայն դատելով վերջին զարգացումներից՝ աշխարհաղաքական սցենարների պարագայում կարող է հայտնվել։ Հոռետեսական այսպիսի ենթադրություն անելու համար հիմք է ծառայել Ուկրաինայի իրավիճակը, որը ներկայումս կանգնած է գրեթե նույն խնդիրների առաջ, ինչ Հայաստանը։ Եվ այսպես, ՌԴ մաքսային ծառայությունը օգոստոսի 14-ից ռիսկային է համարել գրեթե բոլոր ուկրաինական արտահանողների արտադրանքը։ Հարյուրավոր բեռնատարներ կանգնած են սահմանին անորոշ ժամանակով։ Ուկրաինայում (և ոչ միայն) համարում են, որ Ռուսաստանը բացահայտ առևտրային պատերազմ է սկսել այս երկրի դեմ։ Ավելի վաղ սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից արգելվել էր Roshen ընկերության արտադրանքի ներկրումը Ռուսաստան։ Այսօր արդեն առանց որևէ լուրջ հիմնավորման ՌԴ շուկայի դռները փակվել են Neniroff-ի, Хортица-ի և մյուսների առաջ։ Գրեթե բոլոր փորձագետներն այն կարծիքին են, որ ՌԴ այս քայլերը նպատակ ունեն ստիպել Ուկրաինային՝ հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և ընտրել Մաքսային միությունը։ Ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ։ Ամենաուղղակի։ Հայաստանը նույնպես պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանին նույնպես ցանկանում են գրեթե ստիպողաբար մտցնել Մաքսային միություն։ Եվ Հայաստանի հասցեին բացահայտ կամ քողարկված ձևով հնչել են նույն սպառնալիքները, ինչպես Ուկրաինայի դեպքում (օրինակ՝ Վլադիմիր Պուտինի կամ Կոնստանտին Զատուլինի կողմից)։ Այսինքն՝ Ուկրաինայի դեմ կիրառված այս պատժամիջոցը անուղղակիորեն նաև Հայաստանին ուղղված զգուշացում կարելի է համարել։ Հետևաբար՝ չի բացառվում, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանը հայաստանյան արտահանողների առջև նույնպես փակի իր դռները։ Համարի ռիսկային կամ ինչ-որ անհամապատասխանություն հայտնաբերի՝ որակի պահանջների հետ կապված։ Ընդ որում, ուկրաինական փորձը ցույց է տալիս, որ ռուսաստանյան պատժիչ մեքենայի թիրախում հայտնվում են լուրջ ընկերությունները, որոնք զգալի կիշիռ ունեն տվյալ երկրից ՌԴ արտահանման կառուցվածքում։ Եվ այսպես, եթե տեսականորեն ենթադրենք, որ հայաստանյան ընկերությունները նույնպես կարող են արժանանալ ուկրաինականների ճակատագրին, ապա ո՞ր ընկերությունները առաջնահերթ կտուժեն։ Հարցին պատասխանելու նախ պետք է դիտարկել ՀՀ-ից Ռուսաստան արտահանման կառուցվածքը։ Ինչպես երևում է մաքսային տվյալների հիման վրա կազմված այս աղյուսակից, 2012 թվականին ՀՀ-ից ՌԴ արտահանումը կազմել է շուրջ 280 միլիոն դոլար։
Արտահանման կեսը՝ 49.1%-ը (137.6 միլիոն դոլար) բաժին է ընկնում ալկոհոլային խմիչքներին։ Ռուսաստանի Դաշնություն Հայաստանից օղի գրեթե չի արտահանվում։ Գինին ներկայացված է առանձին հոդվածով (1.1% կամ 3 միլիոն դոլար)։ Այսինքն՝ ռուսաստանյան ուղղությամբ արտահանման ողնաշարը կոնյակն է։ Եվ վտանգը առաջին հերթին սպառնում է կոնյակագործական ընկերություններին։ Արտահանման կառուցվածքում լուրջ կշիռ ունեն նաև ադամանդը, միրգ-բանջարեղենը, ծխախոտը, ձկնամթերքը (օրինակ՝ վերջերս Հայաստանից ներմուծված թառափը ՌԴ համապատասխան կառույցի կողմից համարվել էր ռիսկային)։ Հաշվի առնելով արտահանման այս ուղղությունները՝ մենք փորձել ենք կազմել տվյալ ոլորտներում հայաստանյան առավել խոշոր կազմակերպությունների ցանկը, որոնց արտադրանքը կարող է հայտնվել ՌԴ «սև ցուցակում», եթե Հայաստանի արտաքին քաղաքականության հետագա կուրսը դուր չգա մեր ռազմավարական գործընկերներին։ ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) ԱՎՇԱՐԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» (Կոնյակի արտադրություն և արտահանում) «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆ (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) ԵՐԵՎԱՆԻ ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) «ՎԵԴԻ ԱԼԿՈ» (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) ԻՋԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ, ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) «ԳՐԵՅԹ ՎԵԼԼԻ» (Կոնյակի և գինու արտադրություն և արտահանում) «ԱԳԱՏԵՍ» ԱԴԱՄԱՆԴԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ (ադամանդի արտադրություն, արտահանում) «ԱՆԴՐԱՆԻԿ» ԱԴԱՄԱՆԴԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ (ադամանդի արտադրություն, արտահանում) «ԹԵՐՄՈՏՈՒՆ» (վերադաս՝ «ԲԱԿՍՍ» ՍՊԸ), (Ձկան բուծում և արտահանում) «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ (թարմ մրգի արտահանում) «ԵՎՐՈԹԵՐՄ» փակ բաժնետիրական ընկերություն (միրգ-բանջարեղենի արտահանող) ՄԵՂՐՈՒ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ (միրգ- բանջարեղենի պահածոների արտահանում) «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՍՊԸ (միրգ- բանջարեղենի պահածոների արտահանում) «ԱԼԻՇԱՆ» ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (միրգ- բանջարեղենի պահածոների արտահանում) «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ (սուրճի արտահանում) «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» համատեղ ձեռնարկություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» (ծխախոտի արտադրություն և արտահանում) «ԻՆՏԵՐՆԵՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» (ծխախոտի արտադրություն և արտահանում)