Եվրոպական միությունը մտադիր է արգելել Եգիպտոս զենքի, ոստիկանական միջոցների արտահանումը։
Ինչպես ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել են Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները, այդ կերպ ԵՄ-ն մտադիր է Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանն ազդակ հղել, որ բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։
«Այս պահին քննարկվում են մի քանի տարբերակներ, որոնցում ներառվում է նաև զենքի և զինտեխնիկայի, նաև այն պաշտպանական միջոցների մատակարարման հարցը, որոնք կարող են օգտագործվել երկրի ներսում բռնաճնշումների համար»,-ասել է դիվանագետը։
Նա խոսքով՝ այդ սահմանափակումները կարող են քննարկվել ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստի ընթացքում, որը տեղի կունենա այս շաբաթ։
Առաջատար երկրները, ներառյալ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան, արդեն հայտարարել էն Եգիպտոս ռազմամթերքի արտահանման սառեցման մասին, սակայն համաեվրոպական որոշում այդ հարցի շուրջ դեռևս չկա։
Եվրոպացիները նաև Եգիպտոսի խոշորագույն մատակարար ԱՄՆ-ին կոչ են անում հրաժարվել այդ երկիր զենք արտահանելուց, սակայն Վաշինգտոնն արդեն հրաժարվել է գնալ այդ քայլին։
Մինչդեռ Եգիպտոսում շարունակվում են զինվորականների և պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների միջև բախումները։ Եգիպտոսում անկարգությունները սկսվել են չորեքշաբթի օրվանից, երբ զինվորականները սկսեցին մոնտաժել Մուրսիի աջակիցների վրանային ճամբարները։ Մեկ օրում պաշտոնապես հաղորդվում էր ավելի քան 600 զոհի մասին, մինչդեռ Մուրսիին աջակցող «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտնում էր մոտ 2.000 մարդու մահվան մասին։