Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

Կայծ, Պուտինի՝ Ադրբեջան այցը շատերը չստացված որակեցին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր լուծեց Պուտինն այդ այցով, և արդյո՞ք այն Հայաստանի համար մեսիջ պարունակում էր:

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նախաձեռնողը Պուտինն էր իր նախագահության առաջին փուլում, և հիմա այդ հարաբերություններն ավելի են մերձենում մի քանի պատճառներով. առաջին՝ Ռուսաստանն ուզում է իր ազդեցությունը զորացնել Հարավային Կովկասում՝ հույս ունենալով, որ Վրաստանի իշխանությունները կփոխվեն և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ավելի հավասարակշռված կլինի դեպի Ռուսաստան: Երկրորդ հարցը Պարսկաստանն է. վախ կա, որ եթե Պարսկաստանի վերաբերյալ խնդիրն այսպես շարունակվի, թերևս Ադրբեջանն առաջին գծի վրա պետք է գտնվի, և Ադրբեջանն իր զորակցությունը պետք է ստանա Արևմուտքից և ինչու չէ Ռուսաստանից՝ ավելի մեծ վտանգ լինելու դեպքում:

Երրորդ հարցը Ղարաբաղի, իսկ ավելի ճիշտ Հայաստանի հետ է կապված. Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ ռազմական համաձայնագիրը Հայաստանի հետ միակողմանի չէ և այսպիսով ուզում է պահել և զորացնել իր հավասարակշռված դիվանագիտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ռուսաստանի այս մոտեցումը շատ ցինիկ և միաժամանակ շատ պրագմատիկ մոտեցում է, բայց մեկ բան պակաս է Ռուսաստանի դիվանագիտության մեջ. այն սովորական մեթոդներով, սովորական խոսքերով շատ սպասելի քայլեր է անում, և ամբողջ աշխարհը գիտի՝ ինչպես են ռուսները մտածում, սա Ռուսաստանի կողմից սխալ քաղաքականություն է, և ըստ իս՝ շուտով պետք է վճարի այդ սխալի համար:

Հնարավո՞ր է՝ Ռուսաստանը վիրավորված է Հայաստանից ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագրի նախաստորագրման այս փուլում:

Ռուսաստանը, գիտակցելով, որ Հայաստանը շատ կարևոր է ռազմաքաղաքական գետնի վրա, ուրիշ ձևով պետք է նայի Հայաստանին, քանի որ չես կարող մի կողմից ինքնիշխան պետությունը հարգել, բայց մյուս կողմից՝ իրականության մեջ չհարգել: Հայաստանը ուզում է ասոցացման պայմանագիր ստորագրել Եվրոմիության հետ, և Ռուսաստանը մի քիչ դժգոհություն է հայտնում, սա նախ բնական է, և նաև Ռուսաստանի մեղավորությունն է, քանի որ եթե լավ հարգեր Հայաստանին, այդպիսի բան չէր պատահի: Անշուշտ, նաև Հայաստանի իշխանությունները պատասխանատվություն ունեն այդ գետնի վրա, որովհետև այնպիսի անպատասխանատու քաղաքականություն, որ տարվում է ներքին կյանքի, տնտեսական, քաղաքային, ընկերային կյանքի մեջ, այլևս Հայաստանը չի կարող այդպես ղեկավարվել, ուրիշ ձևով, ուրիշ մեթոդներով, ավելի հստակ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի արդար պետք է լինի:

Չես կարող ժողովրդին ղեկավարել և զարգացնել ընկերային կյանքին՝ պայմաններն այսպես շարունակելով: Եվ ուրեմն եթե Հայաստանն այդպես շարունակի, պետք է խնդիրներ ունենա: Ես մի քիչ հուսախաբ եմ եղել Սերժ Սարգսյանից, որովհետև երբ երկու տարի առաջ ասում էր հավատանք, որ փոխվենք, կամ փոխվենք, որ հավատանք, բայց որևէ արդյունք չկա, սա է խնդիրը: Կամաց -կամաց Հայաստանը, հայացքն ուղղելով դեպի Եվրոպա, նշանակում է՝ նոր ուղղություն է ուզում ստեղծել, բայց անշուշտ Ռուսաստանը պետք է փորձի խանգարել: Խորքի մեջ հարցը ոչ թե Հայաստանի և Ռուսաստանի միջև է, կամ Եվրոպական Միության և Հայաստանի, այլ հարցը Եվրոպական Միության և Ռուսաստանի միջև է: Սա է, որ պետք է նկատի ունենան Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը, իհարկե եթե ընդդիմություն կա: Եվրոպացիները և ռուսները չեն կարող հաշիվներ մաքրել Հայաստանի վրա, և խնդիրը Մոսկվայի և Հայաստանի միջև չէ, և սա հստակ պետք է ասվի:

Կայծ, ի՞նչ եք կարծում, կստորագրի Հայաստանը ասոցացման պայմանագիրը:

Եթե հիշում եք Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, երբ ասաց՝ մենք կստորագրենք Եվրոպական Միության հետ ասոցացման պայմանագիրը, եթե սահմանը բացվի, որովհետև եթե չբացվի, անիմաստ է ասոցացման պայմանագիր ստորագրելը: Այնուհետև հայ-թուրքական սահմանի վրա հայտնի դեպքը պատահեց: Սերժ Սարգսյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ կամաց-կամաց փոխվում է իր կեցվածքը, հրապարակի վրա ասոցացիայի պայմանագիրը կստորագրվի, բայց խորքի մեջ պայման դնելով՝ սահմանի բացումը Թուրքիայի հետ: Ուրեմն ուզում է ցույց տալ Մոսկվային, որ լավ է հասկացել Մոսկվայի ճնշումը և կամաց-կամաց ցույց է տալիս, և եթե չհաջողվի ստորագրել ասոցիացիայի պայմանագիրը Բրյուսելի հետ, ուզում է ասել, որ պատասխանատու չէ, պատասխանատուն Բրյուսելն է, որ չկարողացավ սահմանը բացել և ճնշում գործադրել Թուրքիայի վրա:

Մի քիչ պրագմատիկ պետք է մոտենանք հարցին և ասենք, որ Սերժ Սարգսյանն այնպիսի պայման է դնում, որպեսզի պատրաստի հասարակությանը՝ ոչ ասել Բրյուսելին, բայց այսօր Բրյուսելը ավելի աշխույժ մոտեցում պետք է ունենա դեպի Հայաստան, որովհետև վստահեցնելով Վրաստանին և Հայաստանին կամաց-կամաց շրջանը դարձնել եվրոպական շրջան, որ ըստ Բրյուսելի, կարևոր շրջան է, բայց Բրյուսելը իբրև քաղաքական խաղացող այնքան էլ կարևոր չէ, ավելի կարևոր է Լոնդոն- Փարիզ -Բեռլին կխոսեն, կլսենք նրանց ձայնը ոչ թե դեսպանների, այլ նախարարների, վարչապետների, նախագահների:

Ավելի անորոշ փո՞ւլ ենք մտել, քան մեկ տարի առաջ էր:

Այսօր այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հեղափոխություն է ոչ նարնջագույն, այլ կառուցողական: Առաջին անգամ է, որ Հայաստանը անկախությունից ի վեր խնդրի մեջ է գտնվում Ռուսաստանի հետ, ինչը անսապասելի է Սերժ Սարգսյանի իշխանության և կառավարության համար, քանի որ նրանցից շատերը ռուսամետ են իրենց մտածելակերպով, ավելի պոստսովետական մտածելակերպ է, բայց իրականությունը պետք է տեսնենք, քանի որ Եվրոպական Միությունն իր ազդեցությունն է տարածում Արևելյան Եվրոպայի վրա, ուրեմն Հայաստանը կգտնվի այդ հատվածի վրա, այդ ժամանակ Հայաստանը պետք է օգտագործի և շահագործի այն:
Կրկնում եմ՝ խնդիրը Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև է և երկրորդ՝ Ռուսաստանը չի կարող Հայաստանի հետ այդպես վավել, քանի որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, այսինքն՝ Եվրոպան կտա Հայաստանին այն, ինչ Ռուսաստանը չի տալիս Հայաստանին, և Ռուսաստանն տալիս է Հայաստանին այն, ինչ Եվրոպական Միությունը չի տալիս՝ ապահովություն: Հիմա Հայաստանի իշխանությունները խաչմերուկի առջև են, և ըստ իս բոլոր քաղաքական ուժերին առաջարկել սեղանի շուրջ նստել և խոսել նոր մոտեցման և նոր Հայաստանի մասին:

Սա բարդ հարց է, քանի որ տնտեսական և ընկերային կյանքն այնքան դժվար է, չկա վստահություն իշխանություն և ընդդիմության միջև, և թե հասարակության և իշխանությունների միջև, այսինքն՝ չես կարող դեպի Եվրոպական Միություն նստել և նայել, եթե չփոխվես ներքին կյանքի մեջ ավելի պատասխանատու, ավելի պրոֆեսիոնալ և ավելի հստակ ու խելացի դառնալով: Մենք խելացի ժողովուրդ ենք, բայց կարծում եմ, մենք մի քիչ պետք է ավելի պատասխանատու լինենք և պետք է ազգային շահերին հետևենք, ոչ թե սեփական շահերին:

Սիրանույշ Պապյան