Irakan.info. Պարզվում է՝ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ուսման վարձերը չեն բարձրանում: Ամեն դեպքում այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը: Եթե հիշում եք, վարչապետ Տիգրան Սարգսյանը Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է 2011 թվականից, եւ, փաստորեն, կարելի է ենթադրել, որ հենց Տ. Սարգսյանի վարած քաղաքականության շնորհիվ է, որ ուսման վարձերն այստեղ չեն բարձրացել:
Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Տ.Սարգսյանի հերթական PR ակցիան է իր իսկ օգտին, այդուհանդերձ, եթե PR-ի գործիքները թույլ են լինում եւ շատ խոցելի՝ ճշմարտության տեսակետից, ապա այն շատ հանգիստ կարող է դառնալ այսպես ասած «սեւ PR»: Փաստորեն, իշխանական թեւի այն արդարացումները, ըստ որոնց՝ թանկացումը պայմանավորված է «աշխատավարձերի, լաբորատորիաների, սոցիալական փաթեթների եւ, վերջապես, կրթության որակի բարելավմամբ» , այնքան էլ այդպես չէ, հակառակ դեպքում նույնը պետք է տեղի ունենար Մանկավարժական համալսարանի հետ: Սակայն քանի որ վարչապետը ճիշտ հաշվարկներ է արել, դա տեղի չի ունեցել:
Դուրս է գալիս, որ մնացած բուհերում, մասնավորապես ԵՊՀ-ում, որի կառավարման խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, այդ նույն հաշվարկները չեն կարողանում անել: Բա դե անեիք, պարո՛ն Սարգսյան, այդ նույն հաշվարկները չթանկացման մասով նաեւ ԵՊՀ-ում անեիք, ո՞վ էր Ձեր ձեռքն այստեղ բռնել: Որպես վարչապետ՝ Դուք ՊԱՐՏԱՎՈՐ եք այնպես անել, որ այդ ճիշտ հաշվարկներն արվեն նաեւ մյուս բուհերում: Ի վերջո, պարո՛ն Սարգսյան, եթե այդքան լավ մասնագետ եք թանկացումների դեմն առնելու մասով, ինչո՞ւ նույն հաշվարկները չեք անում ողջ երկրի մակարդակով, թե՞ վարչապետի ձեռքերն էլի ինչ-որ անհայտ-չերեւացող չար ուժեր կապել են, չեն թողնում գործ անեք: Գուցե Մանկավարժական համալսարանի վարձավճարը չի բարձրացել, քանի որ այնտեղ կրթամակարդակի ցածր լինելու պատճառով պարզապես որոշել են չբարձրացնել վճարները, որ գոնե դրա հաշվին ուսանողներ լինեն այդ համալսարանում:
Երկուսից մեկը. կամ Տիգրան Սարգսյանն այնքան լավ մասնագետ է, որ նման հաշվարկներ է անում ու միայն Մանկավարժականի համար է դա գործում՝ անտեսելով մյուսներին, կամ էլ պարզապես այդպես է որոշվել, որպեսզի Մանկավարժականում ուսանող լինի: Երկու դեպքում էլ սա ցույց է տալիս Տ. Սարգսյանի՝ թույլ վարչապետ լինելը:
Անի Ալավերդյան