Եգիպտոսում «Արաբական գարունը» վերածվել է դժոխային ամռան՝ անթիվ ու անհամար զոհերով:
Այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիին, մի հատուկ օտար ղեկավար կա, որ ամենաբարձր ճչում է՝ պահանջելով նրա անհապաղ վերադարձը: Այդ վիճահարույց ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ իր իսլամիստ ընկերոջ՝ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» սերտ կողմնակիցը: Գրում է Lragir.am-ը:

Եգիպտոսի նոր ղեկավարները, որոնք վայելում են բնակչության ստվար զանգվածների աջակցությունը, ցասման մեջ ընկան հատկապես այն բանից հետո, երբ Էրդողանը խստորեն քննադատեց նախագահ Մուրսիի տապալումն ու «Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր ցուցարարների սպանությունը: Թուրքիայի վարչապետը չափազանց կոշտ լեզվով դատապարտեց Եգիպտոսի զինվորականությանը՝ «իր զինվորներով, ոստիկաններով և ծանր հրետանու միջոցով ջարդեր իրականացնելու» համար: Հեգնական է, որ Էրդողանը «համր սատանա» անվանեց բոլոր նրանց, որոնք լուռ են մնում անարդարության դեմ:

Կասկածից վեր է, որ այն, ինչ կատարվում է Եգիպտոսում, մարդկային ողբերգություն է և օրեցօր դառնում է ավելի ծանրակշիռ: Չնայած ոչ մեկը չի կարող անտարբեր մնալ քաղաքացիների սպանությունների և խեղումների հանդեպ, այնուամենայնիվ Թուրքիայի վարչապետը վերջին մարդն է երկրագնդի վրա, ով պիտի նման հավակնոտ վերաբերմունք դրսևորեր: Յուրաքանչյուր ոք, ում ձեռքերն արյունոտ են, իրավունք չունի ուրիշին պախարակել: Կարիք չկա վերադառնալ պատմության գիրկը և հիշել Էրդողանի նախահայրերի իրականացրած ցեղասպանությունները հայերի, հույների և ասորիների դեմ: Միայն մի քանի ամիս առաջ Թուրքիայի վարչապետի սեփական ձեռքերը թաթախված էին արյան մեջ, երբ նա հպարտորեն հայտարարում էր, որ հրամայել է ոստիկանությանը կրակ բացել անզեն ցուցարարների վրա Ստամբուլում՝ սպանելով հինգ, կուրացնելով տասնմեկ և վիրավորելով ութ հազար մարդու: Հետևաբար, Էրդողանը զրկվել է բարոյական բոլոր իրավունքներից որևէ մեկին դաս տալու ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ:
Եգիպտոսի ներքին գործերին Էրդողանի հաճախակի միջամտությունը և նախագահ Մուրսիի ու «Մուսուլման եղբայրների» նրա հետևողական աջակցությունն այն աստիճանի ատելություն հրահրեցին երկու երկրների միջև, որ Եգիպտոսն ու Թուրքիան հետ կանչեցին իրենց դեսպաններին՝ էլ ավելի վատթարացնելով իրենց դիվանագիտական հարաբերությունները: Լարվածության սրումը վտանգի տակ է դրել 2 միլիարդ դոլար արժողությամբ թուրքական ներդրումները Եգիպտոսում և սառեցրել 300 թուրք գործարարների գործունեությունն այդ երկրում:

Ինչպիսի~ փոփոխություն մեկ տարվա ընթացքում... 2012 թվականի մայիսին, երբ Եգիպտոսում էի դասախասություններ կարդալու համար, տեղական թերթերից մեկը հրաժարվեց հրապարակել իմ հարցազրույցի այն հատվածը, որն առնչվում էր Հայոց ցեղասպանությանը: Ինձ տեղեկացրեցին, որ հաշվի առնելով իսլամական երկու երկրների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները, անհնարին կլինի որևէ բան տպագրել ընդդեմ Թուրքիայի:

Հետաքրքիր է, որ նախագահ Մուրսիին իշխանությունից դուրս շպրտելուց հետո, մի շարք հոդվածներ հայտնվեցին տասնյակ եգիպտական թերթերում՝ մանրամասն ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, պահանջելով, որ Թուրքիան փոխհատուցում վճարի վերապրողներին և կոչ անելով Էրդողանին ճանաչել իր երկրի քրեական անցյալը:

Ի լրումն այս ամենի՝ օգոստոսի 17-ին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը մի անակնկալ պատգամ տեղադրեց «Թվիթերում»՝ հայտարարելով, որ իր երկրի «ՄԱԿ-ի ներկայացուցիչը վաղը ստորագրելու է միջազգային փաստաթուղթ հայկական ջարդերի ճանաչման մասին, որոնք իրականացվել են թուրքական բանակի կողմից և որոնց հետևանքով մեկ միլիոն մարդ է սպանվել»:

Թեպետ եգիպտական և թուրքական թերթերը լայնորեն հաղորդում են Եգիպտոսի նախագահին վերագրվող թվիթերյան այս հաղորդագրության մասին, մեզ չհաջողվեց ինքնուրույն հաստատել դրա իսկությունը: Սակայն ակնհայտ է, որ Եգիպտոսի ներկայիս կառավարությունն ու մամուլը մտադիր են Հայոց ցեղասպանությունը օգտագործել որպես միջոց հակադարձելու Էրդողանին՝ իրենց ներքին գործերում կոպիտ միջամտության համար:
Հասկանալի է, որ հայերի մեծ մասը դժգոհ կլինի, որ իրենց նախնիների սպանդը քաղաքական շահարկման առարկա է դառնում երկու երկրների միջև: Սակայն, ցավոք, ինչպես միշտ, սա ևս քաղաքականություն է: Եթե Եգիպտոսի նոր ղեկավարությանը ձեռնտու լինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դա կլինի ողջունելի քայլ: Ավելի լավ է Ցեղասպանությունը ճանաչել մղվելով որևէ քաղաքական դրդապատճառից, քան չճանաչել՝ սխալ պատճառներով: Ի վերջո, չի կարելի ակնկալել, որ Եգիպտոսի կառավարությունը այս հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում կունենա, եթե այն հակասի իր ազգային շահերին: Այս առումով, Եգիպտոսը չի տարբերվում այլ երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից ու Իսրայելից, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Դամոկլյան սուր պարբերաբար ճոճում են Թուրքիայի ղեկավարների գլխին:

Հայոց ցեղասպանության ճանաչման վերջնական որոշումը կախված է այն բանից, թե Կահիրեն ինչ զիջումներ է ակնկալում Անկարայից: Եթե Եգիպտոսը՝ ամենաբազմամարդ արաբական երկիրը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն ջախջախիչ հարված կհասցնի թուրքական կառավարության խելահեղ ջանքերին՝ հակազդելու 2015 թվականին աշխարհով մեկ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին: