2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը: Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից, փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:

Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ' նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ: 23.08.2013թ. ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը սույն դեպքի և քրեական գործի նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այսուհետև պարբերաբար համապատասխան տեղեկատվություն կներկայացնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ: