ԱՄՆ-ին նախկինի պես պատերազմելու հնարավորություն թույլ չեն տա ոչ նրա տնտեսական կացությունը և ոչ էլ Բարաք Օբամայի գլխավորած դեմոկրատների քաղաքական վարկանիշը, հաղորդում է « vesti.ru »-ն: Անցած 12 տարիներին անընդմեջ վարած պատերազմական գործողությունների ընթացքում 600-ական մլրդ դոլար կորցնելը հոգնեցրել է հարկատուներին և, ամենագլխավորը, միջինը յուրքաքանչյուր տարի այդ գործողությունների հետևանքով սպանվում է 500 ամերիկացի զինվոր:Բացի այդ բացահայտումների և տեղեկատվության արտահոսքի այս ժամանակներում պարզապես անտեսել ցամաքային զորքերի ներխուժման համար ՄԱԿ-ի մանդատի բացակայությունը, ինչպես դա եղավ Իրաք ներխուժելուց առաջ, Վաշինգթոնը արդեն չի կարող:

Իսկ այն ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է ներխուժման թույլտվություն ստանալու համար, հակամարտությունը Սիրիայում , հաշվի առնելով կառավարական զորքերի հարձակումը, կարող է վերջանալ, հաղորդում է լրատվական գործակալությունը: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Պենտագոնը լավ է գիտակցում այդ հանգամանքը և, այդ իսկ պատճառով, հավանական կոնֆլիկտը կընթանա լիբիական սցենարով, այսինքն կսահմանվի թռիչքազերծ գոտի և կհասցվեն օդուժի կետային հարվածներ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը պարզաբանել է, որ Բարաք Օբաման հանձնարարել է Պենտագոնին նախապատրաստել գործողությունների պլան բոլոր դեպքերի համար: Ամերիկացի նախարարը երկրի նախագահի խնդրանքը կատարել է: Համենայնդեպս, նշենք, որ Չաք Հեյգելը նաև ասել է, որ Վաշինգթոնը պատրաստ է հարվածել Սիրիային: Դրա համար անհրաժեշտ է միայն նախագահի հրամանը: Սցենարը արդեն գրված է:

Ըստ նրա կա նաև գլխավոր ձևական շարժառիթը' քիմիական զենքը, որը անհայտ անձինք Դամասկոսի արվարձանում կիրառել են անցյալ չորեքշաբթի: Իսկ լոնդոնյան «The Sunday Times»-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի զինվորական հրամանատարությունը կազմում է Սիրիայի տարածքում գտնվող այն հավանական թիրախների ցուցակը, որոնց նախատեսվում է հարված հասցնել թևավոր հրթիռներով: