Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների գործով այսօր դատարանում որպես վկա հարցաքննվել է միջադեպի օրը չորս երիտասարդների հետ բերման ենթարկված Սահակ Մուրադյանը:

Նա պատմել է, որ 2011թվականի օգոստոսի 9-ին իր ընկերների հետ զբոսնում էր Կարապի լճի տարածքում և աղմուկ են լսել Խնկո Ապոր գրադարանի մոտից և նկատել են այնտեղ վազող ոստիկանների ու ոստիկանական բազմաթիվ մեքենաներ:

Իրենք ևս հետաքրքրությունից դրդված մոտեցել են և տեսել են գետնին ընկած իրենց ընկերներին' ԱրտակԿարապետյանին և Տիգրան Առաքելյանին, որոնց ոստիկանները հարվածում էին ու հայհոյում:

«Երբ մոտեցանք հասկանալու համար' ինչ է կատարվել, ոստիկաններն ասեցին' ըհը, լևոնականները շատացան, դրանից հետո մեզ մոտեցան ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանցից մեկն ասաց, որ հեսա ամեն ինչ կհանդրատվի, բայց դրանից հետո սկսվեց հրմշտոց: Իմ ձեռքերը ծալեցին, ձեռնաշղթաներ հագցրեցին, Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը գետնին ընկած էին, ու նրանց վրա կանգնած էին կարմիր բերետավորներ, իսկ երբ ինձ նստեցրեցին մեքենան, այդ նույն մեքենա նստեցրեցին նաև Դավիթ Քիրամիջյանին, ու ես նրա ճակատին բաց վերք տես, որից արյուն էր հոսում: Հետո էլ մի շռամով ոստիկան դուռը բացեց, հարվածեց Դավիթի գլխին ու մեզ տեղափոխեցին ոստիկանություն: Ճանապարհին կարմիր բերետավորները կռիվ էին հրահրում, հետո մեկը ինձ հայհոյեց, նայեցի դեմքին' ձեռքի արմունկով հարվածեց դեմքիս, հետո մեքենան կանգնեցրեցին, դիմացը նստած ոստիկանները հարձակվեցին մեզ վրա, մի քանի րոպեից նորից շարժվեցին»,- պատմել է Սահակ Մուրադյանը: Գրում է Galatv.am-ը:

Այնուհետև նա պատմել է, որ ոստիկանության բաժանմունքի մուտքի մոտ գետնին նստած տեսել է Տիգրան Առաքելյանին, ով իրեն վատ էր զգում, հետո նրան մտցրել են ընդունարան և շտապ օգնություն են ուզել, բայց շտապ օգնությունը հասել է միայն մեկ ժամ հետո և զննելուց հետո բոլորի մոտ արձանագրվել է ուղեղի ցնցում:

Սահակ Մուրադյանը նաև պատմել է, որ դրանից հետո ընդունարանում ոստիկանները պարբերաբար իրենց հարվածել են, հայհոյել, լույսերն են անջատել' փորձելով իրենց առանձնացնել, հետո սկսել են նորից հայհոյել ու միացրել են տեսախցիկները, և դա կրկնել են կես ժամը մեկ: Բացի այդ, նրանք երկար ժամանակ զրկված են եղել փաստաբանից:

Իսկ երբ դարձյալ փորձել են երիտասարդներին առանձնացնել ու հաջողվել է Արտակ Կարապետյանին իրենցից առանձնացնել, երկրորդ հարկից գոռոցներ են լսել, ու իրենք գնացել են գոռոցների ուղղությամբ և նկատել են, թե ինչպես է ոստիկանության օպերլիազորը' Կարեն անունով (Կարեն Հովսեփյան. խմբ.) գետնին գցել Արտակ Կարապետյանին ու ծեծել նրան:

Եվ ծեծը դադարեցվել է միայն իրենց միջամտությունից հետո:

Հետո ինչ-որ թղթեր են տվել, որպեսզի երիտասարդները ստորագրեն, սակայն նրանք հրաժարվել են, ու նրանց դիմակավոր անձինք տարել են ՁՊՎ:

Մանրամասները` այստեղ: