Lragir.am - Հայաստանի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ մի քանի ամիս հետո հնարավոր է հանրաքվեի դրվի սահմանադրական փոփոխությունների հարցը, որոնք ենթադրում են անցում խորհրդարանական կառավարման համակարգի: Նա չի բացառել, որ 2017 թ. խորհրդարանի ընտրությանը Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը եւ կհավակնի վարչապետի պաշտոնին:
Մի քանի օր առաջ տեղեկատվության արտահոսք եղավ, որը մեծ իրարանցում չառաջացրեց: Եւ թերեւս որոշվեց, որ այդ մասին կարելի է պաշտոնապես հայտարարել: Ասենք, դա էլ իրարանցում չառաջացրեց, եւ ընդամենը հաստատեց նախկինում արված կանխատեսումները:
Ինչո՞ւ նման որոշումը չդարձավ սենսացիա: Հնարավոր է՝ այն պատճառով, որ Հայաստանում չկան քաղաքական ուժեր, որոնք կցանկանային դեմ գնալ նման որոշմանը: 2012-13 թթ. համապետական ընտրությունների նախօրեին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանում էին խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկը: Եւ ներկայում դժվար թե որեւէ մեկը դիմադրի:
Այսինքն, սահմանադրական փոփոխությունների համար դժվար թե խոչընդոտներ լինեն: Եթե, իհարկե, հանրությունը չբոյկոտի հանրաքվեն, ինչպես նախորդ հանրաքվեները, ինչպես ներկայում՝ իշխանության որոշումները: «Արգելապատնեշներ» կարող են առաջանալ խորհրդարանի ապագա ընտրությանը, որոնք կդառնան մրցակցային:
Սակայն, մինչ քննարկվեն Սահմանադրության փոփոխությունները, Սերժ Սարգսյանը կարող է լուծել մի շարք հարցեր: Բացի իրեն աշխատանքի տեղավորելուց, նա կգտնի բոլոր կուսակցությունները միասնական ձեւաչափի մեջ մտցնելու միջոց, որտեղ հնարավոր կլինի քննարկել ոչ միայն խորհրդարանական կառավարման անցնելու հարցը, այլեւ, ասենք, արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Բացի այդ, նա ժամանակ կշահի եւ երաշխիքներ կստեղծի Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար, որը կանխելու հարցում փորձագետները չեն բացառում հեղաշրջման փորձը:
Իհարկե, կարող է այնպես ստացվել, որ 2017 թ. ընտրությանը Սերժ Սարգսյանը չհաղթի, եւ վարչապետ դառնա նա, ով ընտրությունից 10 օր առաջ հրապարակի տեսանյութ բանտախցից, որում ոստիկանությունը «անհարգալից» է վերաբերվում կալանավորներին: Սակայն նույնիսկ այդ դեպքում Սերժ Սարգսյանը հաղթող դուրս կգա, քանի որ հետեւում կլինեն եւ Ասոցիացիայի ստորագրումը, եւ Ռուսաստանից «պոկվելը», եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ շատ այլ բաներ, որոնց շնորհիվ Սերժ Սարգսյանը «կմտնի պատմության մեջ»: Իսկ եթե չմտնի, չի կարող գլխավորել ՀՀԿ-ի ցուցակը:
Այս կապակցությամբ, աշնանը պետք է սպասել կոնսենսուս՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե համաձայնի գլխավորել Սահմանադրական հանձնաժողովը (նրան նման առաջարկ եղել է), Գագիկ Ծառուկյանը, որն օրերս Սերժ Սարգսյանի հետ գավաթ հանձնեց Տարոն Մարգարյանին, մտնի կոալիցիա, իսկ մյուսները կամ ստիպված կլինեն կամ հրաժարվել հանձնաժողովին մասնակցելուց եւ մարգինալանալ, կամ կդառնան գործընթացի մասնակիցներ:
Նիարա Հայրումյան