«Կոմանդոսը մեր ենթական էր, նա ի՞նչ իրավունք ուներ առանց մեզ տեղյակ պահելու որևէ բան անել: Նրա մասին չեմ էլ ուզում խոսել: Նա ինձ համար Կոմանդոս չէ, ես նրան ոչ մի անգամ Կոմանդոսի տեղ չեմ դրել: Ո՞վ է նա, որ Կոմանդոս լինի: Կոմանդոսը հրամանատար է: Նա մարդ չէ, ի՞նչ խոսեմ նրա մասին: Ինքն է իրեն Կոմանդոս հռչակել»,- լրատվամիջոցներից մեկին ասել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Սա՝ ի պատասխան Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի վերջին հայտարարության: Պատմության բռնաբարման մոտիվներով շարահյուսվող սերիալներից մեկի դրվագներում Ա. Տեր-Թադևոսյանը, հակադարձելով Սասուն Միքայելյանին, ասել էր. «Ինչո՞ւ Սասունը չի ասում՝ երբևէ Վազգեն Սարգսյանին տեսե՞լ է զենքը ձեռքին, որ ինձ հարց է ուղղում, թե ես տեսե՞լ եմ Ռոբերտ Քոչարյանին զենքը ձեռքին»:

 

Փաստորեն մի կողմ դնելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մեր կարևորագույն հաղթանակներից «բեխաբար» լինելու և հայության հաղթանակների համար սեփականության վկայականներ պատրաստելու հիվանդագին մարմաջը՝ սկսել են Հայոց պատմությունը քննարկել «քուչի բազարի» մակարդակով: Կոկորդները ճղում են, թե հարևան ազիկները ինչու են հակահայկական բովանդակությամբ ճառեր ուսուցանում գերեվարված հայ զինվորին, իսկ իրենք այստեղ սեռական բռնության են ենթարկում հայ ժողովրդի անցյալը:

 

Հիշենք, որ ամիսներ առաջ հրապարակ էին նետել մեկ այլ նողկանք հարուցող և ակտիվորեն տարփողվող թեմա, թե իբր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կապ չունի Շուշիի ազատագրման փաստի հետ մասնավորապես և Արցախի ազատագրման հետ ընդհանրապես:
Ընդհանրապես նոմենկլատուրային բազարները նողկալի դրսևորումներ են ունենում, սակայն երբ հանուն բիբարի փողի մարդիկ պատրաստ են պղծել, բռնաբարել անգամ սեփական հերոսական պատմությունը՝ դուրս է երևակայության բոլոր սահմաններից: Ու զարմանալիորեն գտնում են ժամկետանց բեղ-մորուքով պատմաբաններ ու վերլուծաբաններ, որոնք անգամ եթերում պատրաստ են տիրաժավորել իրենց խենեշ բացականչությունները՝ հայ ժողովրդի պատմությունը վերածելով ցաքուցրիվ, անտեր ցեղախմբի պատմության: Մինչդեռ Արցախյան հերոսամարտի ամեն մի էջը պետք է պահպանվեր սրբությամբ, ոչ թե քաղաքական նախընտություններից ելնելով աջուձախ խնչեիք դավադրության տեսություններ...


Ընտրեք ում ուզում եք, ծառայեք ում ուզում եք, բայց հանգիստ թողեք հայոց պատմությունը...

 

Վարուժան Բաբաջանյան