ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ընդունեց Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ եւ հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ռուս հասարակական գործիչների նախաձեռնությունը՝ անձամբ լինելու Լեռնային Ղարաբաղում և իմանալու ճշմարտությունը Արցախի ու արցախցու մասին:
Ռուս լրագրողներն ու հասարակական գործիչները հիացմունքով են խոսել Արցախի հյուրընկալ ժողովրդի տոկունության, համերաշխության, անկախ ու բարեկեցիկ երկրում ապրելու վճռականության մասին: Նրանք հավաստիացրին, որ իրենց նախաձեռնությունը շարունակական է լինելու եւ Արցախի հետ մշակութային ու հումանիտար տարբեր ծրագրեր իրականացնելու լուրջ նպատակներ ունեն:
Հյուրերը տեղեկացրին նաեւ, որ նախորդ օրը այցելել են Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիր, իրենց հարգանքի տուրքը մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին եւ որոշել եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ, նման անմարդկային բարբարոսությունները կանխարգելելու նպատակով, իրականացնել ճանաչողական տարբեր միջոցառումներ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ անկեղծ ու անմիջական գնահատականների, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների համար եւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ ծրագրերին:


Գայանե Հայրապետյան