Պաշտոնական Մոսկվան ըմբռնումով է մոտենում Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին, որոնք պայմանավորված են մեր երկրի բարդ աշխարհագրական դիրքից ու տարածարջանային ոչ պակաս բարդ իրողություններից: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ նույնպիսի ըմբռնում կա Բրյուսելից, ԱՄՆ-ից՝ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններից, որովհետև ամբողջական պատասխանատվություն Հայաստանի համար որևէ գերտերություն չի կարող և պատրաստ չէ իր վրա վերցնել:
Պատասխանելով այն հարցին, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցի արդյունքում հնարավո՞ր է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին քաղաքական որոշումը, որի մասին արդեն բացիեբաց հայտարարվում է, չեղյալ համարվի, քաղաքագետն ասաց. «Կարծում եմ, որ ոչ, որովհետև Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման համար բավական երկար ճանապարհ է անցել, սա մշակված քաղաքականություն է, որին մենք ձգտում էինք»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասկանում է, թե ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում Հայաստանը և թե ինչ օգուտներ կարող է ստանալ Հարավային Կովկասում իր դաշնակցից Եվրոպայի հետ տնտեսական-քաղաքական հարաբերությունների զարգացմամբ:
«Նույն ըմբռնումով մոտեցումը կա Հայաստանի այդ կողմնորոշման հետ կապված նաև Արևմուտքում։ Օրինակ՝ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը (Հայաստանի հետ -Tert.am) երբևէ խոչընդոտ չի դարձել հայ-ամերիկյան կամ հայ-եվրոպական հարաբերությունների համար: Հետևաբար, Հայաստանն այս առումով մի քիչ ավելի յուրահատուկ դիրքում է գտնվում»,- ասաց քաղաքագետը։
Նշենք, որ այսօր «168 Ժամ» լրատվական կայքը գրել էր, որ Հաստանի քաղաքական վերնախավը «շունչը պահած» սպասում է նախագահ Սերժ Սարգսյանի այցին, որի նպատակը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումն է: Ե՛վ արևմտամետերը, և՛ ռուսամետերը, և՛ նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես «հայաստանակենտրոն», համոզված են, որ այդ այցի արդյունքում է որոշվելու՝ կստորագրի՞ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, թե ի վերջո կմիանա Եվրասիական միությանը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահություն հայտնեց, թե Վլադմիր Պուտինի հետ հանդիպման առիթը կօգտագործվի մինչև այժմ առաջացած որոշ տարաձայնությունները քննարկելու և դրանց հնարավորինս օպտիմալ լուծում տալու համար: «Սակայն այն քաղաքականությունը, որն իրականացվում է ԵՄ ուղղության հետ այս պահի դրությամբ այլևս անբեկանելի է»,- կանխատեսեց քաղաքագետը:
Ի պատասխան հարցի, թե ի՞նչ ըմբռնման մասին է խոսքը, եթե Հայաստանում ՌԴ նախկին դեսպանը, Կոնստանտին Զատուլինը և այլոք, մեղմ ասած, տարբեր վատատեսական սցենարներ են ներկայացնում նախաստորագրման պարագայում, Հրանտ Մելիք Շահնազարյանը նշեց, թե մինչ այս պահը այս առնչությամբ ռուսական որևէ պաշտոնական տեսակետ, դիրքորոշում՝ պայմանավորված Հայաստանի այդ ընտրության հետ, բացասական չի եղել:
«Եվ բոլոր այն քննադատությունները, քննարկումները, որոնք կան,կա՛մ նախկին պաշտոնյաներ են կա՛մ հայամետ դիրքորոշում ունեցող փորձագիտական շրջանակներ, որոնք ինչ-որ պատասխանատվություն են զգում Հայաստանի՝ այս կամ այն ուղղությամբ ընթանալու համար»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական բարձր մակարդակով հարաբերություններին, ապա քաղաքագետը կարծիք հայտնեց, թե այստեղ միգուցե որոշ սառնություն կա, սակայն միմյանց մեղադրելու որևէ փորձ նա մինչ այս պահը չի արձանագրել:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ժողովուրդը հանրաքվեի միջոցով պետք է որոշի, թե երկիրը անդամակցում է Եվրոպական Միությանը, թե Մաքսային միությանը։ Նշենք նաև, որ Ուկրաինան ոչ թե նախաստորագրում է Ասոցացման համաձայնագիրը, այլ արդեն ստորագրում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, որ սա այն հարցն է, որը հանրաքվեի կարիք ունի: «Ընդամենը սովորական միջազգային պայմանագիր է, որը ուղղված է հայ-եվրոպական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Եվ ոչ ավելին»,-ասաց նա: