Դելիում անցյալ տարի ավտոբուսում խմբակային բռնաբարության ենթարկված և դրա հետևանքով մահացած ուսանողուհու հարազատները հայտարարել են, որ չեն բավարարվել 18-ամյա երիտասարդին 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութում ազատազրկելու դատավճռից: Այդ մասին հաղորդում է «BBC»-ն: Ուսանողուհու մոր ասելով' մեղադրյալին պետք է դատապարտեին կախաղանի: Աղջկա եղբայրը հայտարարել է, որ ընտանիքը պետք է բողոքարկի չափից դուրս մեղմ դատավճիռը: Ավելի վաղ Հնդկաստանի պատանեկան դատարանը երիտասարդին մեղավոր էր ճանաչել՝ խմբակային բռնաբարության և աղջկա սպանության մեջ: Քանի որ հանցանք գործելու պահին դեռ չէր լրացել այս մեղադրյալի 18 տարին, այդ իսկ պատճառով նրան դատապարտեցին անչափահասների ազատազրկման համար թույլատրելի առավելագույն ժամկետով: Ինչպես և սպասվում էր, սեպտեմբերին այս գործով ևս 4 հոգու նկատմամբ կարձակվի դատավճիռ: Նրանց կարող է սպառնալ մահապատիժ: 23-ամյա ուսանողուհին և նրա ընկերը հարձակման էին ենթարկվել 2012թ. դեկտեմբերի 16-ին՝ Դելիի հարավում՝ ավտոբուսի մեջ: Աղջիկը մահացավ երկու շաբաթ անց՝ Սինգապուրում: