Սերժ Սարգսյանը, չդիմանալով Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ճնշմանը, փաստացի հանձնեց Հայաստանի ինքնիշխանությունը: Ռուսաստանը ստիպված չէր առանձնապես մեծ ջանքեր գործադրել՝ բավական էին շանտաժն ու թշնամական հայտարարությունները, որպեսզի Հայաստանը դառնա կայսրության «էքսկլավը», ինչպես խոստացել էին մի քանի ամիս առաջ: Դրա համար բոլոր «հիմքերը» կային՝ նախորդ ռեժիմը երկրի բոլոր կենսական ոլորտները, անվտանգությունն ու ենթակառույցները հանձնել էր Ռուսաստանին, Հայաստանի քաղաքական-բիզնես «էլիտան» իր բոլոր դրսեւորումներով իրենից ներկայացնում է ընդամենը ռուսական «հինգերորդ շարասյուն»՝ իր փորձագետներով, վերլուծաբաններով, զլմ-ներով եւ այլնով, որոնք պատրաստ էին հանուն իրենց նեղ շահերի վաճառել ամեն ինչ, այդ թվում հայրենիքը: Ինչն էլ ապացուցեցին անցած ամիսներին:
Ռուսաստանի հետագա քայլերը Հայաստանի հանդեպ լինելու են «էքսկլավի» տրամաբանության շրջանակում: Ընդ որում, այստեղ տնտեսական գործոնը չափազանց փոքր է ռազմականի համեմատ: Օրինակ, Քյոնիքսբերգում՝ ներկայում Կալինինգրադ, որը Ռուսաստանի էքսկլավն է, երկրորդ աշխարհամարտից հետո գրեթե ներդրումներ չեն կատարվել, եւ մինչ այժմ գործում են գերմանացիների ստեղծած ենթակառույցները: Փոխարենը, Կալինինգրադը Ռուսաստանի համար ռազմական ֆորպոստ է՝ ընդդեմ Եվրոպայի, որտեղ տեղակայված են բազաներ եւ ամենատարբեր բնույթի հրթիռներ:
Սակայն, նույնիսկ այս տեսանկյունից Հայաստանի «կարգավիճակն» առավել քան կասկածելի է, քանի որ Հայաստանի թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, Ռուսաստանի բարեկամներն են: Հայաստանը Ռուսաստանին պետք է ոչ թե որպես Մաքսային միության անդամ, որը պետք չէ նույնիսկ Մոսկվային, այլ որպես մի տարածք, որն ապահովելու է Մոսկվայի ներկայությունը տարածաշրջանում: Տնտեսական բնույթի բոլոր խոստումները, որ հնչեցին Պուտինի ու Սարգսյանի մոսկովյան հանդիպմանը, իրենցից որեւէ արժեք չեն ներկայացնում, քանի որ բացառվում է «էքսկլավի» որեւէ տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացում: Այստեղ պետք է այնքան տնտեսություն, որպեսզի սպասարկի ռազմական բազաները:
Ոչ հեռու պատմական փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հնարավոր քայլերից մեկը լինելու է Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելը: Սա նույնպես մտնում է «էքսկլավի» տրամաբանության մեջ: Դա ավելի է ամրապնդելու Ռուսաստանի դիրքերն ու ներկայությունը տարածաշրջանում, քանի որ այդ դեպքում ոչ ոք «թռնելու» տեղ չի ունենա:
Ռուսաստանին նույնիսկ Հայաստանն էլ պետք չէ, այլ՝ Ղարաբաղը, որտեղ զորքեր տեղակայելու դեպքում ստանում է գերակշիռ դիրքեր եւ պլացդարմ, մասնավորապես Իրանի հետ սահմանին:
Բացի այդ, սպասելի է բնակչության զանգվածային տարհանումը մայրցամաքի խորքերը, գործընթաց, որն արդեն իսկ տեղի է ունենում Հայաստանում: Դրա համար մեր երկրում առկա են բոլոր տեսակի սոցիալական, հոգեբանական եւ այլ «հիմքերը»: «Էքսկլավում» պետք է ճիշտ այնքան բնակչություն, որը բավարար լինի բազաների սպասարկման համար եւ համալրի տեղական ստորաբաժանումները:
Բացի այդ, «էքսկլավում» պետք է մնա օլիգարխիան, որի խնդիրն է մատակարարել բազաներին եւ պահել փորձագետներ, վերլուծաբաններ ու զլմ-ներ, որոնք պետք է արդարացնեն մետրոպոլիայի բոլոր քայլերը:
«Էքսկլավը» չունի արտաքին քաղաքականություն եւ զինված ուժեր: Նրա բանակը դրվում է մետրոպոլիայի տրամադրության տակ, եւ մեր զավակներն իրենց կյանքն են տալու ոչ թե հայրենիքի, այլ մետրոպոլիայի շահերի պաշտպանությանը:
Հայկ Արամյան