Մութ ու ցուրտ տարիներից հետո փլուզված ու անգործության մատնված Գրողների միությունը, որի նախագահությունը ստանձնեց գրող, հրապարակախոս Լևոն Անանյանը մեծ աշխատանքի ու ներդրած էներգիայի շնորհիվ ոտքի կանգնեցրեց միությունը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրողների միության անդամ Արտեմ Հարությունյանը՝ բոլորին ցավակցելով Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ:
«Այստեղ բուն էին դրել տարբեր գրական խմբավորումներ: Նա մաքրեց ահագին, կարողացավ նոր կադրեր բերել, ջահելության հետ լավ աշխատանք տարավ, մրցանակային սիստեմ մշակեց, որը ինչ-որ տեղ շահագրգռեց շատ աշխատել: Նա վիթխարի գործ արեց, գործունյա էր ու շատ աշխատասեր, կարողանում էր քաջալերել գրողներին: Հնարավոր է, որ որոշ բախումներ եղան տարբեր մարդկանց ու նրա միջև, բայց որտե՞ղ չկան բախումներ, այն էլ ինտելեկտուալ հաստատությունում»,- ասաց նա:
Արտեմ Հարությունյանը կարևորեց հատկապես այն, որ Լևոն Անանյանը ժամանակակից արվեստի ջատագով էր:
Հարցին, թե նա հատկապես ինչը կցանկանա, որ Գրողների միությունում պահպանվի Լևոն Անանյանից հետո, Արտեմ Հարությունյանը պատասխանեց. «Կուզենամ պահպանվի Լևոնի ամենօրյա մաքառումը հայ գրականության համար, կուզենամ եկող սերնդի հանդեպ մեծ ուշադրությունը շարունակվի, կուզենամ որոշ չափով մաքրվեն ոչ դրական երևույթները, որոնք երբեմն առկա են գրական դաշտում ու շարունակվում են, որոնք հնարավոր չէ միանգամից մաքրել»:
Շարունակությունն` այստեղ: