Նախօրին Մոսկվայում կայացած ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման, բանակցությունների արդյունքում հնչած հայտարարությունների և դրանց հաջորդած զարգացումների մասին Panorama.am-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանի հետ:
-Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը փակո՞ւմ է արդյոք Վիլնյուսի գագաթաժողովի «պատուհանը»:
-Նախ ասեմ, որ հիմա ինչպիսի մեկնաբանություն էլ տամ, դա իմ անձնական կարծիքն է: Չեմ բացառում, որ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ում իմ շատ գործընկերներ կարող են ունենալ այլ տեսակետ ու մոտեցում: Երկրորդ' ամենայն հավանականությամբ առիթ կունենանք այս հարցը կառույցում քննարկելու և, հարկ լինելու դեպքում, հայտարարություն կտարածենք կառույցի անունից:
Իմ կարծիքով, հարցին պետք է անդրադառնանք մի փոքր այլ համատեքստում կամ բանաձևի ներքո: Եվրոպական ուղղության հետ մենք կարող ենք ունենալ պրոբլեմ, եթե պրոբլեմ կա հենց այդ ուղղությամբ, այսինքն' մեր եվրոպացի գործընկերների հետ բանակցությունների, ընթացակարգերի, տարվող քաղաքականության առումով: Երրորդ կողմին առնչվող որևէ հարց այդ ուղղության համար պետք է որևէ խոչընդոտ չհանդիսանա: Սա, կարծում եմ, բավական հստակ բանաձև է: Եթե մենք հիմա կարծիք ենք արտահայտում, թե ինչի կհանգեցնի երեկ տեղի ունեցածը, ու պնդենք այս կամ այն բանը այս կամ այն կողմի շահերի տեսանկյունից, կընկնենք հավանական այլ դաշտեր, իրականությունից դուրս կգանք: Ես մեծ հույս ունեմ, որ սա անակնկալ կամ սենսացիա չէր եվրոպական կողմի համար' անկախ այն արձագանքներից, որ հիմա կան դաշտում: Երկրորդ' ևս մեծ հույս ունեմ, որ եվրոպացիների մոտ կա համարժեք ընկալում Հայաստանի կողմից վերջին շրջանում տարվող քաղաքական գծի, որ մեզ համար «կամ-կամ»-ը բացառում ենք և ընդունում ենք միակ արդյունավետ, կառուցողական «և-և» տարբերակը: Կարծում եմ, որ եվրոպական գործընկերները՝ այո, ունեն հնարավորություն դա ընկալելու և որևէ կերպ թույլ չտալու, որ այս ամենն անդրադառնա մեր հարաբերությունների վրա արդեն ԵՄ-Հայաստան կտրվածքով:
- Եթե կարելի է' մի փոքր ավելի պարզ: Կբացեք փակագծերը' ի՞նչ նկատի ունեք:
-Փակագծերի մեջ ամենաառաջինն այն է, որ մենք պետք է հստակ կարողանանք իրարից տարանջատել շահեր և արժեքներ ասվածը: Ցանկացած նորմալ կրթություն ստացած մարդ, որևէ կերպ ծանոթ մեր տարածաշրջանին, պետք է շատ լավ պատկերացնի Հայաստանի իրավիճակի որոշակի առանձնահատկություններ: Այդ առանձնահատկությունների ներքո կարող եմ թվարկել 10-ից ավելի կետեր, բայց սահմանափակվենք մի քանիսով: Խնդիր համար մեկ' բավական է նայել քարտեզին, երբ արևելքից և արևմուտքից ունենք փակ սահմաններ, դեպի հարավ ունենք շատ լավ, բարեկամական կապեր Իրանի հետ, բայց մեծ հակասությունների խնդիր Իրանի ու Արևմուտքի միջև, ի դեմս Ռուսաստանի հյուսիսում ունենք ռազմավարական գործընկեր' չունենալով նրա հետ սահման: Հյուսիսում ունենք բարեկամական երկիր' Վրաստանը, որի և մեր ռազմավարական գործընկերոջ միջև կա լարվածություն: Ունենք Ղարաբաղյան հիմնահարց: Այս իրավիճակը բավականին լայն և' հնարավորություններ, և' մարտահրավերներ է պարունակում:
Մյուս առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է քրիստոնեական քաղաքակրթության աշխարհագրական սահմանին: Սա պետք է հստակ, պարզ և ընկալելի լինի մեր եվրոպացի գործընկերների համար: Մեզ համար Ռուսաստան-Եվրոպա դրական հարաբերությունները, նրանց միջև հակասությունների մինիմալացումը կամ զրոյացումը աննկարագրելի անհրաժեշտություն է: Միաժամանակ մեզ համար ահավոր մեծ դեր ու նշանակություն ունեն երկու ուղղություններն էլ միաժամանակ' առանց մեկը մյուսով բացառելու խնդիր դնելու: Սա Հայաստանի համար ոչ թե պահի, րոպեի շահերի խնդիր է, սա Հայաստանի անցած բարդ ճանապարհի, արժեքների խնդիր է:
Եթե փորձենք ավելի խորը նայել հարցին, ապա ի՞նչ ունենք իրականում: Առաջինը' քաղաքակրթական, արժեքային, մշակութային ժառանգության իմաստով, ինձ թվում է՝ եվրոպացիներն էլ կասկած չունեն, անգամ երիտասարդ սերունդը, որ Հայաստանը այդ ամբողջ համակարգի մի մասն է: Պատահական չէին այն բոլոր, անգամ բանաձևված մոտեցումները, որ եվրաինտեգրումը հեռանկար ու միաժամանակ վերադարձ է մեր ակունքներին: Այստեղ վիճարկելու որևէ հանգամանք չկա: Հարցի մյուս կողմը' փոքր պետությունը, ազգային պետությունը գլոբալացվող աշխարհում որտե՞ղ պետք է իրեն զգա ավելի հարմարավետ, ավելի անվտանգ, ո՞ր զարգացման մոդելի ներքո ինքնադրսևորման հնարավորություններ ունենա: Բնականաբար՝ Եվրոպայի հետ կապելով իր հեռանկարը' որպես ազգային պետությունների համախումբ, որոնցից յուրաքանչյուրը կարողանում է պահել իր կեցվածքը, իր ինքնությունը: Եվրոպական մարդակենտրոն մոդելը մեր նման երկրների համար աննկարագրելի կարևորություն ունի: Ժողովրդավարության, մարդու իրավունքների ողջ բլոկի հետ կապված մարդակենտրոն համակարգի կայացման լավագույն օրինակը Եվրոպան է: Անվտանգության հետ միասին այն զուգահեռ է, և դա է իրականությունը:
Այսօր ունենք հետևյալ իրողությունը: Մենք այսօր ունենք Հայաստան-ՆԱՏՕ փակ սահման, ունենք հարևան, որի հետ խնդիրները ոչ միայն անցյալի, այլև ներկայի խնդիրներ են: Թուրքիայի կողմից վարվող հարկադրանքի քաղաքականության, թշնամանքի, փակ սահմանի խնդիրներ: Անգամ Հայաստանի նախաձեռնած գործընթացը մտավ փակուղի նրանց քայլերի ու գործողությունների արդյունքում: Բայց կա շատ կարևոր էլեմենտ, դա միայն Հայաստան-Թուրքիա սահմանը չէ, դա Հայաստան-ՆԱՏՕ սահմանն է, որը փակ է: Եվ եթե անվտանգության առումով պիտի փորձեինք մեզ հարմարավետ զգալ հայացքն արևմուտք ուղղելով, ապա դա արկածախնդրություն է: Արկածախնդրություն է այն պատճառով, որ նույն մեր եվրոպացի գործընկերները այս հարցերում չկարողացան առաջընթաց արձանագրել: Գուցե կամքն էր քիչ, գուցե հնարավորությունը, գուցե ցանկությունն էր քիչ, որպեսզի այդ փակ սահմանի խոչընդոտը վերանար, փաստը մնում է փաստ' սահմանը շարունակում է փակ մնալ, և այնտեղից տեսնում ենք թշնամական գործողությունների շարունակական վիճակ:
Մեզանից արևելք Ադրբեջանի պարագայում մենք այսօր կանգնած ենք հարցի առաջ, որ սպառազինությունների այնպիսի մրցավազք է պարտադրված Հայաստանին, և տարածաշրջանը այնպես է ռադիկալացվում, որ տարածաշրջանը դառնում է ավելի պայթյունավտանգ: Բնականաբար, ունենք այդ անվտանգության խնդիրները: Ասածիցս երբեք չի հետևում, որ մենք պետք է ունենանք 100% երաշխիք, որ Ռուսաստանը կամ որևէ այլ ուժ ցանկացած պահի կարող է մեր կողքին լինել (անգամ անկախ իրավա-պայմանագրային դաշտից), ես այդքան էլ միամիտ չեմ: Հարցը դա չէ, հարցն այն է, որ մեզ համար նույն անվտանգության համակարգի տեսանկյունից այլընտրանքներ չկան: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, մենք մեր անվտանգությունը, ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները կապել ենք Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ: Պատահակա՞ն է այդ ընտրությունը, իհարկե' ոչ: Դրա տակ կա պատմական, փորձով ապացուցված երանգը, դրա տակ կան նաև Ղարաբաղյան պատերազմի պատմության ընթացքում եղած դեպքերը, երբ թուրքական բանակը տեղաշարժվում էր Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Հնարավո՞ր է սա մոռանալ կամ մի կողմ դնել այսօր: Կարծում եմ' ոչ: Որովհետև այսպիսի բաներ մոռացողները պետություններ են կորցնում: Այո, մեզ համար գործում է «և-և» բանաձևը, արժեքային համակարգ, քաղաքակրթական մոտեցում, երկրի ապագայի տեսլական, գլոբալացվող աշխարհում քո տեղի ու դերի ապահովում, իհարկե' Եվրոպա: Նորմալ, բնականոն ռազմավարական գործընկերությանը հարիր հարաբերություններ, միասնական անվտանգության դաշտին հարիր հարաբերություններ, պատմականից ու ներկայից բխող կապեր, տնտեսական փոխգործակցության ահավոր լայնակի դաշտ' Ռուսաստանի Դաշնություն: Հիմա հարց' սրանք իրարից կտրվա՞ծ են: Իհարկե' ոչ:
Շարունակությունն` այստեղ: