Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել Սիրայի շուրջ ստեղծված իրադրության և սիրիահայերի վիճակի մասին՝ նշելով, որ այդ իրադրությունից դուրս գալու միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային տարհանումը։
Հայտարարությունում ասվում է.

 

«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման հավանականության օրըստօրե մեծացման ֆոնի վրա էապես փոխվում է տարածաշրջանային զարգացումների հեռանկարը' մոտենալով տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգի շեմին:

 

Նման իրավիճակը հղի է առաջին հերթին Սիրիայի, հնարավոր է նաև' տարածաշրջանի այլ երկրների բնակչության, այդ թվում' տեղի հայության համար հումանիտար աղետի սպառնալիքով:

 

Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության և դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվում է լքված պատանդի վիճակում:

 

Եթե սիրիական հակամարտության անցնող փուլերում Սիրիայի հայ բնակչության համար շատ առումներով առաջնային էին մնում կեցության և սննդի հարցերը, ապա ԱՄՆ-ի հարձակման, դրանով պայմանավորված' կառավարական զորքերի ու ապստամբների զորաշարժերի և բախումների էական ակտիվացման, ինչպես նաև խաժամուժի լիակատար սանձազերծման հետևանքով ամենայն հավանականությամբ առաջին պլանում կհայտնվի սիրիահայերի ֆիզիկական գոյության հարցը:

 

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին դեռևս Սիրիայում ապրող' Դեր Զորից փրկված նախնիների տասնյակ հազարավոր զավակների ֆիզիկական գոյությունը կրկին վտանգված է:

 

 

Այս պատճառով այլևս ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային տարհանումը' ցանկալի է դեպի Հայաստան:

 

 

Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրահայ բոլոր առողջ ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսևորում և դրա արդյունավետ պարտադրում ապազգային վարչախմբին' նրա ձեռքի տակ եղած լծակները սիրիահայության տարհանման ու դեպի Հայաստան փոխադրման խնդիրների լուծման համար:

 

 

Այս գործընթացը քիչ թե շատ հաջող կերպով կազմակերպելու պարագայում պետք է հաշվի առնել, որ սիրիահայերը Հայաստան են գալու որպես փախստականներ, ուստի հարկ կլինի ամեն կերպ ապահովել նրանց նկատմամբ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի կիրառումը և ՄԱԿ-ի աջակցությունը:
Միևնույն ժամանակ պետք է նաև նկատի ունենալ, որ սիրիահայերը, որպես հայրենիք և իրավունքներ կորցրած նախնիների հետնորդներ, կարող են որևէ այլ, առաջին հերթին' իրենց հայրենակիցների իրավազորության տակ գտնվող տարածքում համատեղ ապրելու և իրենց իրավունքները վերականգնելու հավակնություն ունենալ, ինչը հիմք կտա նրանց բնակեցնելու նաև Արցախի ազատագրված տարածքներում:

 

 

Նախախորհրդարանը դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ և համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության տարհանումը դեպի հայրենիք: