Ս.թ. օգոստոսի 25-ին Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկության պահանջով քաղաքապետարանի առջև անցկացվող նստացույցի վայրից հեռանալիս նստացույցի մասնակիցներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին գիշերը՝ ժամը 1:30-ի մոտակայքում, Արարատ հյուրանոցի մոտ մի քանի երիտասարդ են մոտեցել, նախ հարցրել են՝ արդյո՞ք մասնակցում են նստացույցին, թե՝ ոչ, ապա «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով' սկսել են ծեծի ենթարկել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Հաղթանակ կամրջի վրա երեք հոգի մոտեցել են քաղաքապետարանի առջևի նստացույցից հեռացած Միքայել Տոնոյանին և հարցուփորձից և նույնատիպ արտահայտություն հնչեցնելուց հետո հարվածել նրան՝ նույնպես պատճառելով վնասվածք:

 

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:30-ի մոտակայքում, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի դիմաց գտնվող մարզասրահի մոտ արդեն 10-15 հոգանոց հանցախումբը հարձակում է գործել երեք քաղաքացիների վրա, որոնք հեռանալիս են եղել նույն նստացույցի վայրից: Քաղաքացիներից երկուսին հաջողվել է հասնել անվտանգ վայր, սակայն Արման Ալեքսանյանին մահակներով ծեծի են ենթարկել: Հարձակվողների մեջ եղել են սևազգեստ, սափրած գլուխներով և ատլետիկ կազմվածքով անձինք: Նրանցից մեկը հարց է ուղղել Արմանին. «Խի՞ ես քաղաքապետարան էթում, արա՛»: Նստացույցի մասնակիցները հարձակման և հանցագործների գտնվելու վայրի մասին տեղեկացրել են քաղաքապետարանի մոտ ծառայություն իրականացնող լեյտենանտ Արայիկ Աբելյանին, սակայն վերջինս ասել է. «Թող բռնեն դրանց ու տանեն ոստիկանություն»: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս և ինչու՞ պետք է վնասվածքներ ստացած և վտանգի մեջ գտնվող քաղաքացին կատարեր ոստիկանի պարտականություն:

 

Վերջին հարձակումը տեղի է ունեցել նույն օրը՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Կողբացի փողոցի բակերից մեկում: Հարձակվել են Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի վրա' նրանց հասցնելով մարմնական վնասվածքներ: Հանցախումբն, ըստ ամենայնի, քաղաքացիներին հետևել է ավտոմեքենայով, նրանք նույնատիպ արտաքին են ունեցել, ինչ Ա. Ալեքսանյանի վրա հաձակվողները, մեկի ձեռքին բռնցքազենք է եղել (կաստետ): Նրանցից մեկը Արշամյանին հարցրել է' «Ախպար ե՞ս»: Կարծում ենք սա ցույց է տալիս հանցախմբերի միջև կապը, քանի որ նախկինում ծեծի ենթարկված անձանցից երկուսը օտարերկրյա քաղաքացիներ էին, ինչի մասին հարձակումներից հետո հանցագործներին վստահորեն հայտնի է դարձել (այստեղին էլ մտավախությունը կամ հարցն այն մասին, որ Հ. Արշամյանը ևս կարող է սփյուռքահայ լինել)։

 

Բոլոր դեպքերը տեղի են ունեցել տեսախցիկներով տեսահսկվող տարածքներում, և հանցախմբին գտնելը միայն ցանկության խնդիր է: Հանցախումբը պետք է որ վստահ լինի իր անպատժելիության մեջ, որպեսզի առանց մտավախության քաղաքացիներին ծեծի ենթարկի ակնհայտորեն տեսահսկվող տարածքներում: Հատկանշական է, որ Ա. Ալեքսանյանն իր վրա հարձակվողներից մեկին հաջորդ օրը տեսել է նույն վայրում, գործով զբաղվող քննիչի հետ տեղազննության ժամանակ, և նրան մատնացույց է արել քննիչին: Ակնհայտ է, որ հանցախումբը կամ նրանց պատվիրատուները ոստիկանության անգործության պայմաններում արդեն ավելի դաժան և կազմակերպված են աշխատում: Հարձակումներ այլևս իրականացվում են ավելի պատրաստված անձանց կողմից, երբեմն քաղաքացիներին հետևելով ավտոմեքենայով և դարանակալելով տների մոտակայքում: Այս պայմաններում, երբ ոստիկանությունն իրեն օրենքից դուրս է դնում, վտանգված են մարդու հիմնական ազատություններն ու իրավունքները, կյանքն ու առողջությունը:

 

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի Ալեքսանյանի ծեծին վերաբերվող հարցերին ի պատասխան ասել է, թե ոստիկանությունը դեռ «նյութեր է նախապատրաստում»: Հիշեցնենք նաև, որ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին միջադեպի առիթով դեռ քրեական գործ չի հարուցվել:

 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին գիշերը ոչ սթափ վիճակում ավտոմեքենան կանգնեցրել էր փողոցի երթևեկելի հատվածում, թքել նստացույցի մասնակիցների ուղղությամբ և հայհոյել նրանց: Մոտ կես ժամվա մեջ նա նույն արարքը կրկնել ևս երեք անգամ՝ հերթապահող ոստիկանների աչքի առաջ, որոնք անգործություն են ցուցաբերել և միայն քաղաքացիների բազմաթիվ հորդորներից ու 102 ահազանգելուց հետո հետապնդել և բաժին տարել նրան: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ հետևանք կա այդ միջադեպի կապակցությամբ, Երևանի ոստիկանապետն ասել է, որ Դավիթ Նավասարդյանի տրանսպորտային միջոցը տուգանային հրապարակում է, իսկ թքելու և հայհոյելու իրավական հետևանքն այս պահին դեռ չկան:

 

Այս հանցավոր անգործության և ամենաթողության պատասխանատվությունն այլևս ամբողջությամբ ընկնում է ոստիկանության վրա՝ ի դեմս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Ակնհայտ է, որ նշյալ հանցագործությունները կատարվում են ոստիկանության թույլտվությամբ, այլապես Երևանի կենտրոնի նույն տարածքում իրականացվող այս հարձակումների հանցագործները վաղուց բացահայտված, իսկ հետագա հարձակումները կանխված կլինեին:

 

Ոստիկանության համակարգում բարեփոխումների և ոստիկանի դերի կարևորության բարձրացման մասին Վ. Գասպարյանի բեմականացված ելույթները կարող են արժանահավատության խաբկանք ստեղծել միայն այն մարդկանց մոտ, ովքեր իրադարձություններին հետևում են բացառապես վարչախմբի նեղ խմբային շահերին ծառայող և վերահսկվող լրատվական միջոցների միջոցով: Ոստիկանության 06.09.2013թ. հայտարարությունը հնարավոր է բնորոշել միայն որպես ցինիզմի դրսևորում: Ոստիկանությունը, կարծես, հանցագործությունների մասին բարձրաձայնող քաղաքացիների հետ մրցակցության մեջ է մտել և հարգալից և հիմնավոր հայտարարությունների փոխարեն հեգնանքով և որոշ չափով սպառնալից տոնով փորձում է արդարանալ, ինչը խոսում է միայն ոստիկանության, ներառյալ՝ դրա մամլո ծառայության ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին: Ավելին՝ հայտարարությունից քիչ անց պարզ դարձավ, որ Վ. Գասպարյանը խորհրդակցություն էր հրավիրել օպերատիվ ծառայությունների ղեկավար կազմի հետ, որը վերաբերել էր քաղաքացիների վրա հարձակումներին: Հանդիպման ժամանակ նա հանձնարարել է բոլոր ուժերով գործի լծվել ու շատ արագ բացահայտել ծեծերի ու բռնությունների միջադեպերը: Եթե ոստիկանության ծառայողները ոստիկանապետի լրացուցիչ հանձնարարության կարիքն ունեինք, ապա ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են անտեղի էր: Հակառակ պարագայում՝ մենք ականատես եղանք հերթական բեմականացված խորհրդակցությանը:

 

Հաշվի առնելով վերը նկարագրվածը և այն, որ հարձակումները շարունակվում են, սակայն դեռ նույնիսկ քրեական գործեր հարուցված չեն, մեզ մոտ հարցեր են առաջանում՝
 Ինչու՞ է ՀՀ քաղաքացին իր հարկերից գումար վճարում ոստիկանությանը, եթե այն պիտի մատնված լինի հանցավոր անգործության՝ իրական հանցագործությունները բացահայտելու և կանխելու փոխարեն, կամ զբաղված լինի տնտեսական հանցագործ պաշտոնյաների նեղ խմբային շահերի պաշտպանությամբ.
 

Ո՞վ պետք է պաշտպանի հանրային շահը.
Իսկ մենք ընդհանրապես պետություն ունե՞նք, թե՞ ոստիկանությունը ինչ-ինչ պաշտոնյաների և հանցագործների համար մասնավոր ծառայություն է, և որոշ անձինք այս ամենաթողության պայմաններում իրենց վեր դնելով պետությունից՝ սպառնում են պետությանը և սահմանադրական կարգին։
Թերևս ունենք պետություն, բայց այս օրերին նստացույց անող, նստացույցին աջակցող, կամ այլ ոլորտներում իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներն են ներկայացնում այդ պետության շահը, ոչ թե ոստիկանությունը, կամ որևէ այլ պատկան մարմին:

 

Քաղաքական օրակարգ է մտնում հարկերը չվճարելու և սեփական ուժերով ինքնակազմակերպվելու և ինքնապաշտպանվելու հարցը: Այլևս անհրաժեշտություն է դարձել համագործակցելը և պայքարող համաքաղաքացիներիս անվտանգության ապահովման հարցը մեր ձեռքը վերցնելը:



«Վճարում ենք 100 դրամ» շարժում