Քրեաօլիգարխներին մեր երկրում ոմանք սիրում են, ոմանք՝ պաշտում, ոմանք՝ շողոքորթում, ոմանք՝ հովանավորում կամ նրանց կողմից հովանավորվում, սակայն ամենամեծ թիվը կազմում են նրանցից վախեցողները, ինչը ավելի է հզորացնում նրանց:

 

Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի ստեղծած վախի մթնոլորտը նորություն չէ, և ամեն անգամ ապացուցվում է: Նույնիսկ այս խայտառակ դատավարությունը, նրա որդուն և թիկնազորի պետին ազատ արձակելը Սյունիքի բնակիչների կողմից գնահատականների չարժանացավ: Պարզապես վախենում են խոսել: Բայց վախը միայն սովորական քաղաքացիների շրջանում չէ: Վախենում են նաև պետական այրերը, պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները:

 

Երեկվա ընթացքում մի քանի պատգամավորների և գործիչների պատասխանները տարբեր լրատվամիջոցների կողմից դեպքի առնչությամբ տրված հարցերին ամբողջացնում են պատկերը. երկրում ոչ միայն գաղջ, այլև վախի մթնոլորտ է: ՀՀԿ-ականների դեպքում դա գոնե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ՝ ատամներով պահում են իրենց կուսակցին, նաև միգուցե վախենում են նրա դեմ մի բան խոսել՝ քաջ գիտակցելով, որ ոչ միայն քրեաօլիգարխ է, այլ նաև Սերժ Սարգսյանի «հովանավորյալը», քանի որ վերջինիս լուրջ ծառայություններ ունի մատուցած: Էդվարդ Շարմազանովը, ում մոտ նույնիսկ երբեմն արդարության հանդեպ հակումներ են ի հայտ գալիս (օրինակ' Մհեր Սեդրակյանի փոխարեն լրագրողից ներողություն խնդրելը), այս անգամ կրկին հավատարիմ մնալով ՀՀԿ-ական սկզբունքներին՝ խուսափել է որևէ գնահատական տալուց՝ թողնելով այդ առաքելությունը դատական ատյաններին: Իսկ տվյալ դեպքում և էլի շատ դեպքերում դատական ատյանների գնահատականի՝ արդարության և արդարադատության հետ ունեցած ընդհանրության մասին նույնիսկ խոսելը ծիծաղելի է: Ինչպես ամեն անգամ, այս անգամ նույնպես իր հեղինակավոր խոսքն է ասել Գալուստ Գրիգորիչը, և կրկին իր հեղինակավոր խոսքում ոչինչ չի ասել՝ չհաշված ենթատեքստով փոխանցած մեսիջը, որին նյութի վերջում կանդրադառնամ:

 

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ընդամենը անակնկալի է եկել նման որոշումից, սակայն կրկին խուսափել է գնահատականներ տալուց: Փաստորեն, «լիսկայասարսափը» ԲՀԿ-ականների դուռն է՞լ է թակել:

 

Առավել զավեշտալի էր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Հայրապետյանի պատասխանը, ով կրկին հրաժարվել է հարցի շուրջ մեկնաբանություններ տալուց: Լիսկայի սանձարձակությունների դեմ պայքարող կուսակցության ներկայացուցիչն ումի՞ց է վախենում: Իսկապես որ հզոր է Լիսկան:

 

Եվ կրկին վերադառնամ Գալուստ Գրիգորիչին և նրա փոխանցած մեսիջին: «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ և մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք. մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով»: Այսինքն, ամեն ինչ նորմալ է, դե մարդ ենք էլի, մարդ էլ կսպանենք, ստացվում է, հո բոլորը չե՞ն նստելու դրա համար, այն էլ Սուրիկ Խաչատրյանի նման «արժանավոր նժդեհականը»: Գաղնտիք չէ, որ Գալուստ Գրիգորիչը հաճախ փոխանցում է հենց Սերժ Սարգսյանի մեսիջները: Չի բացառվում, որ այս անգամ էլ նրա անհոդաբաշխ մտքերի ենթատեքստում թաքնված է իշխանությունների կողմից փոխանցվող գույժը՝ Լիսկայի հնարավոր վերադարձի կամ երկրորդ գալստյան մասին: Եվ այստեղ, բնականաբար, նրանք հաշվի չեն առնի այն հանգամանքը, որ Լիսկայի գալուստը մեզ ցանկալի չէ, քանի որ գալուստներից արդեն իսկ կուշտ ենք, Գրիգորիչն էլ մեզ լրիվ հերիք է:



Կարեն Վարդանյան