PanARMENIAN.Net Սիրիայի և Արևմուտքի դիմակայության մեջ փոքր չէ նաև արաբական երկրների դերը: Սակայն, նրանք մինչ օրս չեն որոշել, թե ինչպես պետք է վերաբերվել հնարավոր հրթիռային և ավիահարվածին: Արաբական պետությունների լիգան՝ ԱՊԼ-ն, ուղղակի ի վիճակի չեղավ համատեղ հայտարարություն մշակել Սիրիայի վերաբերյալ, գրում է RIA Novosti-ն: Սիրիային հարվածելու դեմ է հանդես գալիս հարևան Իրաքը, որը ոչ հեռու անցյալում հենց ինքը հարվածի զոհ դարձավ, հետագայում օկուպացվեց ԱՄՆ ու նրանց դաշնակիցների կողմից: Չնայած Իրաքի ներկայիս ղեկավարությունը իշխանության եկավ միայն Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո, Բաղդադը կտրականապես դեմ է հարևան երկրում նույն սցենարին: Նման զարգացում թույլ չտալու համար Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին հանդես եկավ նախաձեռնությամբ, որով ենթադրվում է անհապաղ դադարեցնել կրակն ու զենքի առաքումը հակամարտության կողմերին, վտարելով երկրից օտարերկրացի գրոհայիններին: Նա կոչ է անում արաբական երկրներին թույլ չտալ օգտագործել սեփական տարածքը Սիրիայում ռազմական միջամտության համար քիմիական զենքի կիրառման պատրվակով, որի կիրառումը կառավարական զորքերի կողմից մինչ օրս չի հաստատվել: Դեմ են նաև Լիբանանն ու Հորդանանը, որոնք ամենից շատ են տուժել փախստականների հոսքից: Լիբանանում մոտ 700 հազար սիրիացի փախստական կա, Հորդանանում՝ կես միլիոն:
Եթե ԱՄՆ-ն հարվածի, փախստականների հոսքը կաճի մի քանի անգամ, իսկ հարևան երկրների հնարավորություններն արդեն սպառված են: Ալժիրը ևս հայտարարեց, որ Սիրիայի դեմուժի կիրառումն անթույլատրելի է, հաշվի առնելով, որ մինչ օրս հավաստի չէ՝ ով է քիմիական զենք օգտագործել: Երկրում արդեն տարածաշրջանում նոր պատերազմի դեմ հանրահավաքներ են անցել: Եգիպտոսը, որն ամենախոշոր և նշանակալի արաբական երկիրն է, նույնպես չի ցանկանում, որ Սիրիան օտար ռազմական միջամտության ասպարեզ դառնա: Հատկանշական է, որ ճգնաժամում գտնվող Եգիպտոսի դիրքորոշումը տարբերվում է նրա հիմնական վարկատուների՝ Պարսից ծոցի երկրների դիրքորոշումից:
Ինչ վերաբերում է Պարսից ծոցի նավթային միապետություններին, ապա նրանք կողմ եմ հարվածին: Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Աբդել Լատիֆ ազ Զիյանին կոչ է արել միջազգային հանրությանը «անհապաղ միջամտել և փրկել Սիրիայի ժողովրդին ռեժիմի կամայականությունից»: Նա Սիրիայի կառավարությանըմեղադրել է մեջ սեփական ժողովրդի նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ: Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր՝ 2011թ. Պարսից ծոցի երկրները բացահայտորեն սատարում են սիրիական ընդդիմությանը, այդ թվում զինյալ խմբավորումներին, որոնք հակազդում են կառավարությանը: Դա բացատրվում է նրանով, որ հզոր հարևանին՝ Իրանին (որը սերտ կապեր ունի Սիրիայի ներկա իշխանությունների հետ) թուլացնելու ցանկություն կա:
Մինչդեռ Reuters-ը զգուշացնում է, որ թուլացած «Ալ Քայիդան» կարող է վերածնվել Սիրիայում: «Դեռ վաղ է կանխատեսումներ անել, թե որքան լուրջ է այդ սպառնալիքը: Հնարավոր է, որ դա լինի նրա վերջին շունչը, սակայն որոշ հանգամանքներում անկայուն Մերձավոր Արևելքում նա կարող է ակտիվանալ»,- ասվում է «Ջիհադիստական ահաբեկչություն. սպառնալիքի գնահատականը» զեկույցում, որը պատրաստել է ԱՄՆ Անդրկուսակցական քաղաքականության կենտրոնը:
Սիրիացի ապստամբների ամենաարդյունավետ խմբավորումներից է «Ալ Նուսրայի ճակատը», որը, փաստորեն, «Ալ Քայիդայի» բաժանմունքն է: Ռազմական միջամտության հակառակորդներն ասում են, որ դա կարող է ձեռնտու լինել այդ խմբավորմանը: Սիրիացի ապստամբների զինումը կարող է հանգեցնել նրան, որ ջիհադիստական խմբավորումների ձեռքում լուրջ զենք կհայտնվի: Քիմիական զենքի պաշարները նույնպես խնդրահարույց են, եթե հայտնվեն նման խմբավորումների ձեռքում: Այդ դեպքում զենքը կարող է օգտագործվել Սիրիայում կամ դուրս բերվել այդ երկրից հետագայում օգտագործելու նպատակով:
Ինչպես նշել ենք, Մերձավոր Արևելքը, Օբամայի ծրագրի իրականացման դեպքում, քաոսում կհայտնվի: Որոշ վերլուծաբաններ ուղղակի խոսում են Երրորդ համաշխարհայինի մասին: Ըստ իս, արդյունքում կարող է ոչ միայն վերանալ Մերձավոր Արևելք հասկացությունը, այլ նրա ավերակների վրա կարող է առաջանալ անկախ Քրդստանը, ինչը ԱՄՆ վաղեմի գաղափարն է:
Հեղինակ` Կարինե Տեր-Սահակյան