tert.am Սեպտեմբերի 12-13-ը Երևանում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումն անցավ բավականին լարված մթնոլորտում:
Լարվածության համար հիմնական պատճառն այն էր, որ անդամ երկրներից Վրաստանը և Մոլդովան հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ իր երկիրը Վիլնյուսում հաջողության կհասնի, քանի որ սա այն դեպքն է, որ Համաձայնագրի ստորագրումը միավորել է երկրի ընդդիմությանն ու իշխանությանը:
Այս հայտարարությունների ֆոնին ուշագրավ էր Էդվարդ Նալբանդյանի և Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունները, որով մեկ անգամ ևս ընդգծվեցին առկա անհամատեղելիությունները:
Որպես նախաբան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստվում է շարունակել համագործակցությունը և ակնկալում է, որ հաջողված համագործակցությունը շարունակական կլինի:
Իսկ Ֆյուլեն էլ հայտարարեց. «Մենք մեր գործընկերների առջև դռներ չենք փակել, և երկրորդ՝ եղել է շատ ինտենսիվ գործընթաց արդեն երեքուկես տարի: Մենք շատ բովանդակալից տեքստ ունենք, այն չի անհետանա: Այն մնալու է և պահպանվելու է նաև մեր կամքն ու պատրաստակամությունը մեր գործընկերների հետ քայլելու առումով»:
Նա նաև նկատեց, թե գործընկերների քաղաքականությունները արտացոլում են նրանց հավակնությունները և նվիրումը այն արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա խարսխված են եղել այդ հարաբերությունները:
Իր նախաբանում եվրահանձնակատարը երեք ուղերձ հղեց և նրա երրորդ ուղերձն, այն էր, որ ԵՄ-ն «պետք է հարգի» Եվրասիական միության պրոյեկտին ինտեգրվելու իրենց գործընկերոջ ինքնիշխան որոշումը: Իսկ հաջորդ նախադասության մեջ շեշտեց, որ ԵՄ-ն կկանգնի նրանց կողքին, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշման, քանի որ Ռուսաստանից ճնշվում են Եվրոպական միության հետ համաձայնագիր ստորագրող երկրները:
Մթնոլորտում որոշ լարվածություն առաջացավ «Առավոտ»-ի լրագրողի՝ Շտեֆան Ֆյուլեին ուղղված հարցից, որ եթե ԵՄ-ն հայտարարում է, որ Հայաստանի նկատմամբ ճնշումներ են կիրառում, և եթե Հայաստանը նոյեմբերին չնախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, դա կնշանակի՞ արդյոք, որ ճնշումները, որոնց մասին խոսում են ԵՄ պաշտոնյաները ՝ նկատի ունենալով կոնկրետ երկրի, կհասնեն իրենց նպատակին:
Ի պատասխան Շտեֆան Ֆյուլեն ասաց, որ ինքը չէ, որ պետք է հարցականի տակ դնի Հայաստանի դիվանագիտական կորպուսի հավաստիացումները, որ նման ճնշում չի եղել:
«Հայաստանում իմ գործընկերները հավաստիացրին, որ որևէ ճնշում չի եղել Հայաստանի նկատմամբ կայացնելու համար այդ ընտրությունը․․․ Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ։ Միևնույն ժամանակ, մեր քննարկումներում ընդամենը երկու օր առաջ, մեր գործընկերներից ոմանք բողոքեցին, որ ավելանում են ճնշումները տարբեր ձևերով»,- ասաց նա։
Շտեֆան Ֆյուլեն նաև ընդգծեց, որ Ասոցացման համաձայնագիրը՝ որպես գաղափար, դրված է Հայաստանի առաջ նախքան Եվրասիական միության և Մաքսային միության գաղափարը և որ եվրոպական կողմը շատ հստակ, թափանցիկ ներկայացրել է այդ համաձայնագրի նպատակները. դրանք են՝ քաղաքական վերափոխում, տնտեսական արդիականացում և այլն:
«Մենք հստակ ասել ենք, որ բացարձակ որևէ պատճառ չկա, ինչո՞ւ հարցականի տակ առնել այն բարիդրացիական հարաբերությունները, որոնք մեր գործընկերներին կոչ ենք անում ունենալ իրենց հարևանի՝ Ռուսաստանի հետ։ Մենք էլ ենք ցանկանում Ռուսաստանի հետ ունենալ գերազանց հարաբերություններ։ Ռուսաստանը ԵՄ-ի համար էլ արտոնյալ, կարևոր և ռազմավարական գործընկեր է»,- հայտարարեց Շտեֆան Ֆյուլեն՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկել և փարատել ցանկացած կողմի մտահոգություններն այն առումով, որ ստեղծվեն նախապայմաններ ու պայմաններ, «որպեսզի ինչ-որ ժամանակ լինի ազատ առևտրի տարածաշրջան՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»:
Ի դեպ, ուշագրավ է, որ Շտեֆան Ֆյուլեն մոռացել էր, որ Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Վիզաների դյուրացման համաձայնագիրը, և հույս հայտնեց, որ անպայման կստորագրեն, ինչի հետ կապված Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ Հայաստանն արդեն ստորագրել է:
«Ադրբեջանի հետ»,- այս հիշեցումից հետո նկատեց Ֆյուլեն:
Որոշակի ինտրիգ մտցրեց նաև գերմանացի ազատ լրագրող Դեբե Դեբորա Ուայլդի հարցը, ով հայտարարելով , որ Հայաստանն իր որոշումը կայացրեց հօգուտ Մաքսային միության, հիշեցրեց, որ Հայաստանը, եթե ստորագրեր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, ապա դրան կհետևեր ԵՄ-ի կողմից կազմակերպված Դոնորների համաժողովը, որը Հայաստանին հսկայական ներդրումներ և մեծ ֆինանսական ներհոսք կբերեր։
«Դուք հրաժարվեցիք դրանից չընտրելով Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը: Ձեր կառավարությունը հերքում է Ռուսաստանի կողմից որևէ ճնշում գործադրելը' համաձայնագրի ստորագրելուց հրաժարվելու նպատակով: Իմ հարցը հետևյալն է' ի՞նչ է առաջարկել ձեզ Ռուսաստանը Մաքսային միությանն անդամակցելու դիմաց»,- հարց ուղղեց նա։
Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը նկատեց. «Խոսքն այն մասին չէ, թե ինչ է տվել Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանը ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, և այդ հարաբերությունների ծավալի մասին է խոսում նաև սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների արած հայտարարությունը»:
Էդվարդ Նալբանդյանն ավելացրեց նաև, որ Հայաստանը Արևելյան գործընկերության նախաձեռնության, այս բանակցային գործընթացի մասին, անգամ դրանից առաջ էլ ասել է, որ պատրաստ է հնարավորինս սերտ, խորը, ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների:
«Ինչ վերաբերում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններին և դոնորների կոնֆերանսին, դրա կազմակերպման վերաբերյալ մենք խոսում ենք արդեն մոտ 4 տարի, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները սկսվել են մեկ տարի առաջ: Այսինքն՝ դրանք կապված չեն եղել, հիմա, միգուցե, ինչ-որ առումով կապում են…ամեն դեպքում դրանք կապված չեն եղել: Ինչպես ես արդեն ասացի, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ խոսում ենք այն եղանակների, ֆորմատների, հնարավորությունների մասին, որպեսզի հիմնվելով այն առաջընթացի, ձեռքբերումների վրա, որոնք գրանցվել են վերջին տարիներին, որ հնարավորինս առաջ շարժենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները: Հենց դրա մասին է ասում նաև պարոն Ֆյուլեն», - ասաց Է. Նալբանդյանը։