Tert.am Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ տեղեկացնելով, որ ներկայում հետաքննություն է ընթանում՝ հիմնված մի շարք մեղադրանքների վրա, ըստ որոնց, որոշ երկրներ կաշառքի միջոցով ձայներ են գնել։
Մի երկրի պատվիրակության անանուն ներկայացուցիչ, ով աշխատել է այս տարի շվեդական Մալմո քաղաքում տեղի ունեցած մրցույթի ժամանակ, մեղադրել է «Եվրատեսիլի» 2011թ. հաղթող երկրին՝ Ադրբեջանին, իրեն կաշառք առաջարկելու համար։ Հսկայական գումարի դիմաց ինքը պետք է բարձր միավորներ ապահովեր այդ երկրի ներկայացուցիչների համար։
Շվեդական Skanska Dagbladet պարբերականի հետ զրույցում աղբյուրը նշել է, որ բացի Ադրբեջանից եղել է ևս 3 երկիր, որոնք փորձել են կուլիսների հետևում նմանատիպ գործարք կնքել։
Մեծ Բրիտանիայի այս տարվա ներկայացուցիչ Բոնի Թայլերը ֆրանսիական ամսագրերից մեկին ասել է, որ անձամբ է լսել ռուսների խոսակցությունն այն մասին, թե ինչու իրենք չեն ստացել միավորներ, որոնց համար վճարել են։
Եվրոպական հեռարձակողների միության հեռուստատեսային միջոցառումների ղեկավար Սիտցե Բակերն այս կապակցությամբ հայտարարել է, որ իրենք այժմ հետաքննություն են սկսել՝ կապված մեղադրանքների հետ։
Այնուհանդերձ, եվրոպացի փորձագետները մտավախություն ունեն, որ թեև կոռուպցիոն հետաքննություն անցկացնելու խոստումը տրվել է, բայց որևէ էական քայլ չի ձեռնարկվի։