Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով հայտարարել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արշակ Սահյանն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք և կաշառքի ակնարկ է արել: Ըստ ռեժիսորի՝ իրեն տուգանել են հետիոտնին չզիջելու համար՝ պնդելով, որ այդ պահին իր առջևից ընթացող առավել ցածր դասի մեքենաներն անտեսվել են, և տեսուչը մեղադրանք է առաջադրել միայն իրեն, քանի որ ինքը վարում է «Կաբրիոլետ BMW» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա:

 

Հարցի շուրջ պարզաբանումներ էին ստացվել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանից, ով ասել էր, որ հրավիրել է տեսուչին՝ բացատրություններ տալու, ամեն ինչ պարզված է, և եթե Սուրեն Թադևոսյանը դժգոհություններ ունի' վարչական իրավախախտումը արձանագրելու հետ կապված, ապա ցանկացած պահի կարող է դիմել ՃՈ ղեկավարությանը, ստանալ իր խախտման տեսագրությունը, և եթե նա դժգոհություններ ունենա, կարող է օրենքով սահմանված կարգով վիճարկել տեսուչի որոշումը: Ինչ վերաբերում է ՃՈ աշխատակցի մասին նրա հնչեցրած մեղադրանքներին, Արշակյանը դա համարել էր ոչ կոռեկտ և ոչ իրավաչափ:

 

Lurer.com-ը, հարցի ամբողջական լուսաբանումը ապահովելու համար, դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել աղմկահարույց խախտման տեսագրությունը: Այսօր մենք ոստիկանությունից ստացանք տեսանյութը, որի պարզաբանման համար կրկին դիմեցինք ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանին:

 

- Պարո´ն Արշակյան, քիչ առաջ Ոստիկանությունը մեզ տրամադրել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի աղմկահարույց խախտման տեսագրությունը: Կխնդրեի, որ որպես Ճանապարհային ոստիկանության աշխատակից' բացատրեիք, թե վարորդն ինչ խախտում է կատարել, և օրենքի որ կետի հիման վրա է պատասխանատվության ենթարկվել:

 

- Վարչական իրավախախտումների մասին օրենքի 124-րդ հոդվածի 6-րդ մասով' նախատեսվում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այս դեպքում' 5000 դրամ: Իսկ ճանապարհային երթևեկության կանոնների 103-րդ կետը սահմանում է՝ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումների երթևեկելի մասը հատող հետիոտների համար: Այս դեպքում կոնկրետ նկարահանման մեջ ակնհայտ երևում է, թե ինչպես է հետիոտնն առաջին երթևեկելի գոտին արդեն հատել, և տվյալ դեպքում' BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր զիջել հետիոտնին, որպեսզի նա հատեր երթևեկելի մասը:

 

- Այս դեպքում նկարահանումը առկա է, հետևաբար, հնարավոր է ապացուցել, որ վարորդը խախտում է կատարել: Իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ վարորդի կողմից խախտում կատարելու փաստերն արժանահավատ չեն:

 

- Բոլոր այն խախտումները, որոնք արձանագրվում են, այսինքն՝ վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության, պարտադիր ունենում են ապացուցողական ուժեղ բազա, և յուրաքանչյուր խախտման արձանագրությանը կից գոյություն ունի տեսագրություն: Ցանկացած փոքր կասկած' խախտում կատարելու հետ կապված, լուծվում է հօգուտ վարորդի:

- Lurer.com-ը օրեր առաջ դիմել էր Ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել խախտման տեսագրությունը: Ինչո՞ւ Ոստիկանությունն ավելի շուտ չարձագանքեցն և թեման, կարծես թե, շարունակվեց քննարկվել:

 

- Արձանագրությունը կազմվել էր շաբաթ օրը՝ օրվա երկրորդ կեսին. դրանից հետո ոչ աշխատանքային օրեր էին, այդ պատճառով մենք այսօր տրամադրեցինք: Գրառումը կատարվելուց հետո մոտ 10-20 րոպեից այն մեր տրամադրության տակ է եղել։



Վարուժան Բաբաջանյան