HayNews.am  2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալու են Վրաստանի նախագահի ընտրությունները:
Արդեն իսկ մեկնարկել և ընթանում է ակտիվ քարոզարշավը:

 

Կոչ եմ անում նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ լեզվական, կրթական, կրոնական և մշակութային խնդիրները՝ սահմանելով դրանց լուծման կոնկրետ մեխանիզմներ:

 

Մասնավորապես, լուծման են սպասում հետևյալ հիմնական հարցերը.

 

- Խորհրդային իշխանությունների կողմից հայ համայնքից բռնագրավված եկեղեցիների վերադարձը,
- Հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը.
- Վրաստանի հայալեզու դպրոցներում հայերենի դասաժամերի թվի վերականգնումը, Հայոց պատմություն առարկայի դասավանդման թույլատրումը.
- Սաակաշվիլու իշխանության օրոք փակված հայալեզու դպրոցների վերականգնումը.
- Ախալքալաքում հայալեզու հիմքի վրա համալսարանի բացումը,
- Ճնշումներից անկախ տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը:

 

Վրաստանի հայ բնակչության լեզվի, կրոնի, մշակույթի և ավանդույթների պաշտպանության իրավական մեխանիզմների ամրապնդման առումով նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վավերացման խնդրի նկատմամբ, ինչպես նաև պարտավորվեն ամբողջ ծավալով կատարելու Վրաստանի կողմից դեռևս 2006-ին վավերացված Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիան:

 

Նախագահի թեկնածուները պետք է նաև քաղաքական գնահատական տան Սաակաշվիլիի-Մերաբիշվիլիի ռեժիմի հանցավոր քաղաքականության դրսևորումներին Սամցխե-Ջավախքի հայ բնակչության նկատմամբ, ինչպես նաև անդրադառնան հայաբնակ շրջաններում և Վրաստանի այլ տարածքներում արդարության վերականգնման, օրենքի գերակայության ևւ ժողովրդավարության լիարժեք հաստատման խնդրին:

 

 

Հեղինակ` Վահագն Չախալյան