Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու, ապագա մարտահրավերների մասին Լուրեր.com-ը զրուցել է Հայաստանում Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանի հետ:


- Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ նախագահի Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությանը:

 

- Հայտարարությունը ինձ և, կարծում եմ, ողջ հասարակության համար անակնկալ էր և չէր բխում նախորդող տարիների զարգացումների տրամաբանությունից: Արդար լինելու համար պետք է նշեմ, որ նախագահը բազմիցս էր ակնարկել նման սցենարի մասին, սակայն երբ այդ ակնարկները անում ես տասներկու աստղերով կապույտ ֆոնի վրա, բոլորը դրան վերաբերվում են իբրև դիվանագիտական խոսքի: Լինելով Եվրոպայի ամենապրոեվրոպական կազմակերպության՝ Եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի ղեկավարը' ես այս որոշմանը վերաբերվում են ըմբռնումով, ինքս թե´ գիտական, թե´ հասարակական և թե´ քաղաքական բոլոր գործողություններս կապել եմ Հայաստանի եվրոպականացման հետ, և իմ առաքելությունը համարում եմ մեր երկրի անդամակցությունը Եվրոպական միությանը, սակայն այդ առաքելությունն ինքնանպատակ չէ: Մենք այդ ամենն անում ենք' ունենալով մի եզակի համոզմունք, այն է՝ մեր երկիրը կարող է զարգանալ միայն ԵՄ-ում, մեր ազգը կարող է վերածնվել միայն եվրոպական մշակույթի տիրույթում: Հետևաբար, գլխավոր նպատակներն ուղղված են հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի: Եթե որևէ մեկն ինձ ապացուցի, որ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց արժանապատիվ զարգացումը կգտնեն' դառնալով Արաբական լիգային անդամ, ես կպայքարեմ այդ ուղղությամբ:


- Հայասանը, այս քայլը անելով, կարծես իրականացրեց կանխարգելող (early warning) քաղաքականություն Ուկրաինայի, Մոլոդվայի և Վրաստանի համար: Այժմ Եվրոպան ավելի զգույշ է և ավելի շատ ջանքեր է գործադրում տարածաշրջանի համար' շնորհիվ Հայասանի:


- Շատերը խոսում են ինքնիշխանության կորստի մասին: Հատկանշական է, որ ցանկացած միության անդամ դառնալով և նունիսկ միջազգային պայմանագիր ստորագրելով երկիրը զիջում է իր ինքնիշխանության թեկուզ փոքր, բայց մի մասը: Ավելին, ժամանակակից քաղաքագիտությունը եկել է այն համոզման, որ հենց այն պետությունները, որոնք հրաժարվում են զիջել իրենց ինքնիշխանության որոշակի հատվածներ վերպետական կառույցների, հենց նրանք են դառնում լիովին ինքնիշխան, քանի որ իրենց զիջած ինքնիշխանության փոխարեն ձեռք են բերում ազդեցություն այլ պետությունների վրա: Այստեղ խնիրը այն է, որ ինքնիշխանությունը զիջում ենք ոչ թե ՄՄ-ին, այլ Ռուսաստանին, իսկ ՌԴ և ՀՀ շահերը պարտադիր չէ որ համընկնեն:

Մաքսային միությանն անդամակցելու և «Եվրոպական ճանապարհը» ընտրելու տարբերությունն ինձ համար, կես կատակ կես լուրջ, հետևյալն է, մի դեպքում դու կորցնում ես ժողովրդիդ, բայց պահում ես սահմաններդ, իսկ մյուս դեպքում դու կորցնում ես սահմաններդ, բայց պահում ես ժողովրդիդ: Այստեղ դասն այն է, որ Եվրոպան պետք է հստակ քայլեր կատարի Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու ճանապարհին, Եվրոպան պետք է ստիպի Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը և խաղաղապահ զորքեր տեղայնացնի Լեռնային Ղարաբաղում. սա հրամայական է և այն գինն է, որը պետք է Եվրոպան վճարի մեր տարածաշրջանի համար: Նրանք նույնպես պատկերացնում են, որ եթե ցանկանում ես իշխել Հարավային Կովկասում, պետք է սկսես Հայասանից, այլ լուծում չի կարող լինել:


- Ո՞վ է Մաքսային միության անդամակցելու որոշման պատասխանատուն:

 

-ՄՄ անդամակցելու նախագահի պատրաստակամությունը դեռևս բարի կամքի դրսևորում էր, այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս քաղաքական կառուցվածքը հուշում է, որ նախագահն ի վիճակի է միանձնյա կատարել ցանկացած որոշում: Ավելին, որոշ իշխանական գործիչներ սեպտեմբերի 3-ի առավոտյան արևմտամետ էին, իսկ կեսօրից հետո' ռուսամետ: Սա ազդակ է առ այն, որ Հայաստանի քաղաքական համակարգի դիմադրողականությունը բավականին ցածր է, սա ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Շատ գործիչներ նախագահին «աչք» մտնելու համար րոպեների ընթացքում փոխեցին իրենց քաղաքական վարքագիծը. սա նշանակում է, որ պետության ներսում չկան արժեքներ և տեսլական, դա կործանման սկիզբ է, այս տարրերին անհրաժեշտ է դեակտիվացնել:

Մյուս գլխավոր պատճառը ԵՄ փափուկ քաղաքականության (soft power) թուլությունն էր. Եվրոպան Հայաստանին ցանկանում էր տալ միայն լավագույնը (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, տնտեսական բարեփոխումներ և այլ)՝ մոռանալով, որ այս երկիրն ունի ղարաբաղյան հիմնախնդիր, թուրքական խնդիր, իրանական խնդիր, ռուս-վրացական խնդիր և այլն և այլն: Նախագահի քայլը սթափեցրեց ողջ արևմուտքը, և ես համոզված եմ, որ սեպտեմբերի երեքից առաջ եղավ հինգ քայլ առաջ, սեպտեմբերի երեքին եղավ մեկ քայլ ետ և լիահուս եմ, որ մեզ սպասվում են բազմաթիվ քայլեր առաջ: Կասկած չկա:

Խնդրո առարկա է, իհարկե, նաև Հայասանում ԵՄ պատվիրակությունը: Տարօրինակ է, բայց, կարծես, ԵՄ պատվիրակությունն արեց ամեն ինչ ՀՀ-ԵՄ ներդաշնակեցումը փչացնելու ուղղությամբ, նրանք ձախողեցին ԵՄ խորհրդատվական խումբը, ֆինանսավորեցին Եվրոպայի հետ կապ չունեցող կազմակերպություններին, և կամա թե ակամա ձախողեցին եվրոպական հեռանկարը Հայաստանի համար. այս խնդիրը պետք է արժանանա ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ուսումնասիրմանը: Սա ավելի քան լուրջ է:

 

- Ո՞րն է լինելու ապագա մարտահրավերը:


- Հայաստանը պետք է կրկնապատկի և տասնապատկի իր ջանքերը: Որքան էլ շատերը դժգոհում են, մեր երկիրը վերջին տարիներին զարգացել է բազմաթիվ ցուցանիշներով, մենք նաև ապացուցեցինք, որ քաղաքակրթության անբաժանելի մաս ենք: Այժմ Հայաստանը պետք է աշխատի ավելի լուրջ և ավելի արագ, մենք պետք է զարգանանք' թեկուզ լինելով Մաքսային միության անդամ: