Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Դամասկոսին աջակցելու համար, որը բախվել է օտարերկրյա հարձակման սպառնալիքին, հայտնում է РИА Новости-ն՝ սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը հղումով։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կարող է հանգեցնել աշխարհում ուժերի նոր հավասարակշռության ձևավորման։ Նա նաև նշել է, որ Սիրիայում ահաբեկչությանն աջակցում են «արևմտյան, տարածաշրջանային և արաբական ուժերը»։

Ըստ գործակալության տվյալների՝ Ռյաբկովը, իր հերթին, հաստատել է, որ սիրիական ճգնաժամի լուծման վերաբերյալ ռուսական դիրքորոշումը հիմնված է «միջազգային օրենքի շրջանակում քաղաքական որոշում գտնելու անհրաժեշտության վրա՝ բացառելով ուժի կիրառումը և հարգելով ժողովրդի իրավունքը»։