ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ներկայացրեց նախագիծ' Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Կառավարության որոշմամբ' հաստատվեց Մաքսային միությանը անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկը:
«Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահի և ՀՀ նախագահի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ-ն միանալու է Մաքսային միությանը. այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ձևավորել բանակցային փաթեթ և իրականացնել նախապատրաստական աշխատանքներ բանակցային գործընթացին պատրաստվելու նպատակով: Այս որոշմամբ սահմանվում է ժամանակացույց, ըստ որի' երեկ, վարչապետի որոշմամբ, ստեղծված 7 աշխատանքային խմբերը պետք է իրականացնեն համապատասխան աշխատանքներ», - ասաց փոխնախարարը:
Հիմնավորման համաձայն' նախագծով նախատեսվում է Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ Մաքսային միության շրջանակներում գործող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական դաշտի և Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի համադրում, համապատասխան բանակցային առաջարկությունների նախապատրաստում և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:
«Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունն այս փուլում բացակայում է:
«Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում այս փուլում չի նախատեսվում: