Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Ժառանագություն» կուսակցության հրավիրած հանրահավաքը:

Ելույթով հանդես եկավ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Նա իր ելույթում անդրադարձավ «ներքին վտանգներին».

«Հավաքվել ենք մեր Ազատության հրապարակում և բարձրաձայնում ենք այն վտանգների մասին, որ կախված են մեր անկախության գլխին: Ես կխոսեմ ներքին վտանգների մասին, որոնք ահագնացող չափերի են հասնում, դառնում այնպիսի աղետի պատճառ, ինչպիսին արտագաղթն է:

Հունիսին բոլորս ցնցվեցինք Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանության և Արտակ Բուդաղյանի ծանր վիրավորվելու լուրից ու շունչներս պահած' սպասում էինք արդարադատությանը: Երկու շաբաթ առաջ ամպրոպի պես գլխներիս պայթեց Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակման լուրը, որը հերթական անգամ փաստեց մեր երկրում արդարության ի սպառ բացակայության մասին այն դեպքում, երբ Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ կալանավորված», - ասաց Անահիտ Բախշյանը: