ՀՀ անկախության տոնի կապակցությամբ շնորհավորեկան ուղերձ է հղել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ը մեր տոնացույցի ամենագլխավոր օրն է: 22 տարի առաջ ապագայի հանդեպ մեծագույն հավատով, սեփական ճակատագիրը տնօրինելու ձգտմամբ «այո» ասացինք մեր երկրի անկախությանը: 22 տարի, դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով, աշխարհին ապացուցեցինք անկախ ապրելու մեր իրավունքը: 22 տարի առաջ գիտակցված ընտրություն կատարեցինք և ընդունեցինք սերունդների համար խիստ պատասխանատու որոշում: Այսօր էլ պատասխանատու ենք մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր ժողովրդի համար: Այսօր էլ պարտավոր ենք աշխարհին ապացուցելու ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագրին տնօրինելու մեր ժողովրդի իրավունքը, դարերից եկող մեր երազանքներն իրականություն դարձնելու հաստատակամությունը:
«Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին, ահա հրամայականը: Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիությունը ոչինչ դարձնի մեզ ծանոթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժվարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանության գործը: Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում»: Սա է պատգամել է մեզ Գարեգին Նժդեհը, և ուրեմն այսօր, առավել քան երբևէ, արդիական է այս պատգամը բոլորիս համար՝ մեծից փոքր, շարքային քաղաքացուց մինչև պաշտոնյա:
Շնորհավո՛ր Հայաստանի անկախ Հանրապետության ծնունդը»,- ասված է նախարարի ուղերձում: