Վերջերս բացահայտված փաստաթղթերի համաձայն՝ 1961-ին ԱՄՆ-ն խուսափել է երբևէ տեղի ունեցած հզորագույն պայթյունից, որը կարող էր հանգեցնել 260 անգամ ավելի շատ ավերածությունների, քան Հերոսիմայի վրա նետված ռումբը, հայտնում է The Telegraph-ը:
The Guardian պարբերականի տվյալներով՝ փաստաթղթերը գաղտնազերծել է հետաքննող լրագրող Էրիկ Սքլոսերը՝ Ազատ տեղեկատվության ակտի համաձայն: Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները 1961-ի հունվարին կանգնած էր ատոմային ռումբի պայթյունի վտանգի առջև:
Միջադեպը տեղի էր ունեցել Հյուսիսային Կառոլինա նահանգում, երբ երկու Mark 39 ջրածնային ռումբերը պատահաբար ընկել էին Գոլդսբորո քաղաքի վրա՝ օդում B-52 ռմբակիր ինքնաթիռի կործանվելու հետևանքով:
Ռումբի պայթելու դեպքում կործանարար հետևանքները կտարածվեին Վաշինգտոնում, Բալթիմորում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում՝ վտանգելով միլիոնավոր մարդկանց կյանքեր, նշում է աղբյուրը: