Հուլիսի 25-ին «Մեղեդի» սրճարանի մոտ սպանված 33-ամյա Վահան Հովհաննիսյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակում ասվում է.

 

«Մեծարգո’ պարոն նախագահ,
Այս նամակը թերեւս վերջին հույսն է օրինականության հաղթանակի կայացման եւ ապօրինության եւ ամենաթողության ժխտման: Ընտրել եմ բաց նամակի տարբերակը, քանզի բազմաթիվ ընտանիքներ, քաղաքացիներ ուշադրության կենտրոնում են պահում աննախադեպ, իր տեսակի մեջ լկտիությամբ ու սառնասրտությամբ կատարված սահմռկեցուցիչ սպանությունը:

 

Սույն թվականի հուլիսի 25-ին, գիշերը, մարդկային կերպարանքով գազանը սպանեց ամուսնուս՝ 33-ամյա Վահան Հովհաննիսյանին՝ խեղելով մի հայկական ավանդական ու ավանդապաշտ ընտանիքի ճակատագիր: Ընտանիք, որն ապրում էր մեր համաքաղաքացիների նման, թեեւ դժվարություններով, բայց հավատով եւ լավատեսությամբ… Այժմ, երբ տանը մնացել ենք ես, 2 անչափահաս աղջիկներս եւ 72-ամյա հաշմանդամ սկեսուրս, հույս, հավատ եւ լավատեսություն բառերը օգտագործվում են անցյալ ժամանակով: Դժվար է նայել երեխայի աչքերի մեջ, երբ հարցնում է՝ ուր է հայրը: Սարսափելի է ու ավելի է սաստկանում ցավը, երբ մարդասպանը ազատություն է վայելում, իսկ օրինապահ մարմինները անկարողություն կամ մի գուցե աչքափակություն են անում:

 

Մտահոգում է այն փաստը, որ մայրաքաղաքի սրտում «մարդը» զենքը դրած թեթեւ շապիկի տակ «աննկատ» կարող է զինված զբոսնել: Տեղում, երբ ՊՊԾ-ի աշխատակիցների մի ստվար զանգված կա, երբ տարածքը վերահսկվում է բարձրակարգ ինֆրակարմիր տեսագրման սարքերով: Որտեղ զբոսնում են ընտանիքներով ու հյուր եկած զբոսաշրջիկները… լկտի ու ողորմելի արարածը սառնասրտորեն այդ ամենը արհամարելով կատարում է ոճրագործություն առանձնակի դաժանությամբ, բազմության աչքի առջեւ:

 

Նման փաստերի ու վկաների առկայության դեպքում ՀՀ իրավապահ մարմինները ի զորու չեն բացահայտել: Մեղմ ասած տարակուսում եմ: Թերեւս երկրում ձեւավորվել է «ընտրյալների» մի խումբ, որոնք անպատիժ պիտի մնան ցանկացած դեպքում ու արյան հոտից ու թողտվությունից էլ ավելի գազազեն ու նոր «որս» փնտրեն: Երկրում կան լավ, մարդու կյանքի ու անվտանգության համար ստեղծված օրենքներ, բայց դրանք կիրառվում են ոչ բոլորի նկատմամբ: «Եղունգ ունես գլուխդ քորի» կամ «տերովին տերն է տարել…» ասացվածքները մարդկանց մոտ նույնացվում են մարդու իրավունքի, օրենքի արդարության հետ. .. Անկեղծ ասած ափսոսում եմ նման որոշման համար:

 

Միգուցե օտար երկրում ընտանիքս ապրեր շատ հայ ընտանիքների նման՝ կարոտը սրտում, բայց երեխաներս ու ես ապահով լինեի օջախիս համար: Չկա ամուսինս, ինչպես նաեւ հույս, որ նման դեպքեր չեն կրկնվի, որովհետեւ անպատժելիությունը ծնում է նոր հանցանք: Տեսնելով մարդկանց անտարբերությունը, քմծիծաղը, քարհամահրանքը դեպի բացահայտումը, ավելի է մղկտում սիրտս: Վախենում եմ ընտանիքիս անվտանգության համար, քանի որ սրիկան ազատության մեջ է եւ կարող է կրկնել ոճիրը…

 

Մեծարգո′ Սերժ Ազատի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա երդվելով մեծ ու պատասխանատու բեռ եք վերցրել Ձեր ուսերին՝ ապահովել երկրի եւ ժողովրդի անվտանգությունը եւ խաղաղ աշխատանքը: Խնդրում եմ աջակցել մեր ընտանիքին որպես մարդ եւ խորամուխ լինել որպես նախագահ, որ ոճրագործը ստանա օրենքով նախանշված պատիժը: Հավատացեք, դա ուժ կտա մեզ, իսկ բոլորիս, ովքեր հետեւում են այս ոճրագործության բացահայտմանը, վստահություն ու հավատ կներշնչի դեպի Ապահով Հայաստան»:

 

Հարգանքներով Հասմիկ Սաֆարյան-Հովհաննիսյան