Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ ժողովին այն պատճառով, որ մերժել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության մուտքն իր երկիր, հայտնում է ադրբեջանական «Musavat.com» կայքը:
Ալիևը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպել է 2010թ. Գլխավոր ասամբլեայի ժողովի ժամանակ' Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Այս անգամ նա կորցրել է երկրում նախագահական ընտրությունների նախօրեին Օբամայի հետ հանդիպման հնարավորությունը, որը կարևոր էր իր համար:
Ըստ կայքի' Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը սեպտեմբերի 18-ին գաղտնի այցով մեկնել է ԱՄՆ, սակայն նրան չի հաջողվել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Բիլ Բերնսի հետ համաձայնեցնել Իլհամ Ալիևի այցը Գլխավոր ասամբլեա: Կայքի համաձայն' պատճառը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդություն իրականացնելու նպատակով Թոմաս Մելիայի գլխավորած մոնիթորինգային խմբի այցի մերժումն էր պաշտոնական Բաքվի կողմից:
Պաշտոնական Բաքուն մերժման պատճառը ձևակերպել է որպես «սպասվող ընտրությունների արդյունքում ժամանակի սղություն»: Իրականում Մելիայի այցը մերժել են այն պատճառով, որ վերջինս սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և հայտարարել է, որ «Իլհամ Ալիևի առաջադրումը երրորդ անգամ անցնում է “կարմիր սահմանը”»: «Վաշինգտոնը հավանաբար չի մարսել իր բարձրաստիճան պաշտոնյայի մերժումը «ժամանակի սղության» պատճառով»,- նշում է կայքը:
Բաքվի արևմտյան դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրը կայքին տեղեկացրել է, որ Նովրուզ Մամեդովի' Վաշինգտոն կատարած այցի գլխավոր պատճառը Իլհամ Ալիևի դեպի Նյու Յորք այցի մասին համաձայնություն ձեռք բերելն էր: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ «Իլհամ Ալիևի հաղթանակը երրորդ անգամ համաձայնեցված է բոլոր մեծ տերությունների հետ»' ի նկատի ունենալով ԱՄՆ-ին: Որպես ապացույց բավարար էր Օբամայի հետ նույնիսկ հպանցիկ հանդիպումը, սակայն Սպիտակ տունը մերժեց Ալիևին, և Վաշինգտոն կատարած այցի արդյունքում Նովրուզ Մամեդովի լռությունը հենց այդ մասին է վկայում:
«Turan» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ընթացիկ տարվա հունիսին Բարաք Օբամայի «կնքահայրը» համարվող Ռիչարդ Լուգարի գլխավորած ամերիկյան սենատորների և կոնգրեսմենների պատվիրակությունը պաշտոնական այց է կատարել Բաքու: Այդ այցից հետո արևմտյան մամուլում նվազեց միջազգային լրատվամիջոցների, միջազգային կազմակերպությունների և արևմտյան պետությունների ղեկավարների քննադատության ալիքը Ադրբեջանի հասցեին:
«Ըստ իս' այստեղ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի իշխանության և Արևմուտքի միջև համաձայնությունը: Կարծում եմ' Իլհամ Ալիևը որոշ երաշխիքներ է տվել երկրում իրավիճակի բարեփոխման վերաբերյալ: Իսկ Նովրուզ Մամեդովի այցը պայմանավորված է նրանով, որ իշխանությանը հիշեցրել են այդ երաշխիքների մասին», - նշել է Մեհման Ալիևը: