«Եթե որեւէ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ պետք է խրախուսվի այս եղանակով՝ կարող եք այդպես համարել: Ես կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները եւ կատարելու եմ»:
Այսօր ԱԺ-ում այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանդյանն այն հարցին, թե արդյոք իրեն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելը կապվա՞ծ էր Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու հետ։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Կոստանդյանը դեռեւս նախաքննությունը չավարտած՝ հրապարակային կարծիք էր հայտնել, թե Սուրիկ Խաչատրյանը ներկա չի եղել իր տան դիմաց կատարվող միջադեպին, նա պատասխանեց. «Հայտարարությունն անելու ժամանակ արդեն ձեռք էին բերվել այդ փաստն ապացուցող արձանագրություններ»:

Հարցին, թե ի՞նչ փուլում է ներկայումս գտնվում այդ գործը, պարոն Կոստանյանն արձագանքեց. «Երկու որոշում էր կայացվել քննիչի կողմից՝ այդ գործով քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ, այդ որոշումները բողոքարկվել էին, ես արդեն կայացրել եմ որոշումներ եւ ստուգել եմ դրանց օրինականությունը՝ դրանք օրինական էին: Հաջորդ հնարավոր քայլը կարող է լինել, որ եթե փաստաբանի կամ գործի այլ մասնակցի կողմից այդ որոշումները բողոքարկվեն դատական կարգով, դրանք արդեն կքննվեն դատարանում»:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին' ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա. Զաքարյանը և Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը:

Արդեն սեպտեմբերի 7-ին ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող այս գործի շրջանակներում որոշում ընդունվեց, որ մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: