Սեպտեմբերի 27-ի դատական նիստում ավարտվեց Կարեն Եսայանի սպանության քրեական գործով իրեղեն ապացույցների հետազոտումը: Դատարանում ուսումնասիրվեց ամբաստանյալին պատկանող վերնազգեստը, կոշիկները եւ սպանվածի մեքենայից առգրավված ռետինե գորգերը: Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «սվիտերը» հնամաշ է՝ պատված լաքաներով, եւ որ այն չէր կարող ծառայել որպես առօրյա ներկայանալի հագուստի մաս:
Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա դրանք նոր էին, մաքուր եւ ոչ մի նշան չկար այն բանի, որ դրանց տերը 2012 թ.-ի ապրիլյան այդ անձրեւային, ցեխոտ օրը եղել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում: Փաստաբան Լուսինե Սահակյանը դեռ նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ հետազոտվում էր ամբաստանյալի անդրավարտիքը, հայտարարել էր, որ փողքերը մաքուր են՝ չկան ցեխի հետքեր, որոնք անպայման կլինեին կանաչ գոտի համարվող այդ տարածքում թեկուզ կարճ հատված ոտքով անցնելու դեպքում: Նույն նկատառումը վերագրվեց նաեւ ամբաստանյալի կոշիկներին:
Կարեն Եսայանի մեքենայի հատակի համար նախատեսված գորգերն ուսումնասիրելու ժամանակ փաստաբան Հունան Բաբայանը դատարանի ուշադրությունը հրավիրեց հատկապես հետնամասի ձախ հատվածից վերցված գորգի վրա:
«Ըստ քրեական գործի եւ նաեւ դատարանում ավտոլվացման կետի աշխատակիցների տված ցուցմունքների՝ մեքենան մաքուր լվացվել է՝ ընդհուպ նաեւ այս գորգերը: Ըստ քրեական գործի՝ Կարեն Եսայանը մեքենան ավտոլվացման կետից վերցնելուց հետո անմիջապես մեկնել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք: Սակայն այս գորգի զննությունը ցույց է տալիս, որ մեքենայի հետնամասում մարդ է նստել՝ կա ոտնահետք եւ հողի հետք»,- հայտարարեց Հունան Բաբայանը:
Այս հայտարարությանն ի պատասխան՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը նկատեց, թե «բա ի՞նչ եք ուզում, սրանք ենթարկվել են փորձաքննության, դրվել են կեղտոտ հատակին, փոշոտ սեղաններին, մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ վիճակում են փորձագետների սենյակները, բա փոշոտ էլ կլինեն, հետք էլ կլինի, բայց սա դեռ չի ապացուցում, որ այնտեղ ոտնահետք կա»:
Պաշտպանական կողմն ամեն մի իրեղեն ապացույցի փաթեթը բացելիս նշում էր ոչ պատշաճ կնքման հանգամանքը, որը ցանկացած մեկին հնարավորություն է տալիս անարգել բացել, ինչ-որ գործողություն կատարել ապացույցների հետ եւ նորից կնքել: Այս դատական նիստին հետազոտվեց նաեւ գործում առկա վերջին կրիչը, որ առգրավվել էր գազալցակայանի դիմաց գտնվող դեղատնից: Ըստ մեղադրող կողմի՝ երկու արծաթափայլ «Մերսեդես» մակնիշի մեքենաներ անցել են դեղատան մոտով, ինչն էլ ֆիքսել են տեսախցիկները: Պաշտպանական կողմի համոզմամբ՝ իրար հետեւից շարժվող այդ մեքենաներն առնչություն չունեն գործի հետ, քանի որ դեղատան մոտից 10:07 րոպեին շարժված մեքենաները «Ցածր գներ» խանութի մոտ պիտի հայտնվեին մի քանի րոպեից, սակայն նախորդ կրիչի հետազոտումից պարզ է դարձել, որ խանութի մոտից անցել է ոչ թե 2, այլ մեկ մեքենա եւ այն էլ մեկ ժամ անց:
«Կարող ենք հստակ ասել, որ վիճարկվող մեքենային հետեւող մեքենա չկա այստեղ: Ինչպես նաեւ պարզ է դառնում, որ գազալցակայանի եւ ավտոլվացման կետերի «դիվիարների» ժամանակները համապատասխանում են իրար: Բացի այդ՝ կրիչների հետազոտումը ցույց տվեց, որ ավտոլվացման կետից Կարեն Եսայանը ապրիլի 11-ի երեկոյան տուն է գնացել մյուս ընկերոջ՝ պաղպաղակ տեղափոխող մեքենայով, որին հետեւող մեքենա չի եղել»,- նկատեց փաստաբանը:
Դատարանը, ավարտելով գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտումը, որոշեց լսել ամբաստանյալին, սակայն Հարություն Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, թե պատրաստ չէ: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց լսել դատարան հրավիրված փորձագետներին: Մեղադրող կողմը միացավ միջնորդությանը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի նախկին աշխատակից Սարգիս Գրիգորյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ քննվող քրեական գործի շրջանակներում ինքը որպես փորձագետ հետազոտել է առգրավված «դիվիարները»: Փորձագետն ասաց, որ կրիչների ժամային տարբերությունը եղել է մինչեւ 10 րոպե:
«Իսկ Դուք կիմանայի՞ք, եթե որեւէ մեկը փոխեր «դիվիարների» ժամերը»,- հարցրեց փաստաբան Լուսինե Սահակյանը: «Ոչ»,-պատասխանեց վկան: Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց փորձագետի նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան, անդրադառնալով կատարած փորձագիտության արդյունքներին, նշել էր, որ 1-ին եւ 4-րդ կրիչների ժամանակները համապատասխանում են, 2-րդ եւ 3-րդ կրիչների միջեւ եղած տարբերությունը 7 րոպե է, իսկ 5-րդ «դիվիարի» ժամանակը իրական ժամանակից առաջ է 50 րոպե:
Փորձագետը նաեւ նշեց, որ հետազոտման պահին «դիվիարները» որեւէ կոդ չեն ունեցել: Հետազոտումից հետո ինքը եւս չի կոդավորել: Իսկ ժամային առումով խախտումներ «դիվիարները» կարող են գրանցել, եթե երկար ժամանակ չեն գործածվում եւ մարտկոցները պարպվում են: