Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի շրջանակում ավանդական են դարձել սոցիալական ուղղվածությամբ ակցիաները։
Սեպտեմբերի 27-ին՝ Տուրիզմի միջազգային օրը, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն հասարակական կազմակերպության շուրջ 50 շահառուների համար կազմակերպվել է երկժամանոց զբոսաշրջային ծրագիր։
«Սոցիալական այս խմբին վերաբերող խնդիրները մշտապես քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են, և տարաբնույթ միջոցառումները, ինչպես նաև էքսկուրսիաների կազմակերպումը՝ երկհարկանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ավտոբուսներով, արդեն ավանդույթ են դարձել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։
Սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները և երիտասարդները այս անգամ ևս, Երևանի մասին երգեր ունկնդրելով, շրջել են մայրաքաղաքով, ծանոթացել քաղաքի պատմական վայրերին, մշակութային օջախներին ու հուշարձաններին։