Երևանի Մաշտոցի պուրակում այսօր տեղի ունեցավ բաց հասարակական քննարկում տրանսպորտի գնի վերաբերյալ: Քննարկմանը ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և մի խումբ այլ քաղաքացիներ: Մասնակիցները ներկայացրին տրանսպորտի գնի վերաբերյալ իրենց հաշվարկները, ըստ որի՝ Երևանում սպասարկող տրանսպորտի համար վճարվող գինը պետք է լինի հարյուր դրամից ոչ ավելի, քանի որ վերջինիս որակն անգամ «հարյուր էլ չարժե»:

Քննարկմանը ներկա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախահագ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ պետք է թույլ չտալ մոլորեցնել հասարակությանը: «Ես առաջին իսկ օրվանից տվեցի տնտեսական գնահատական, որ այդ թանկացումը չի համապատասխանում իրականությանը: Քաղաքապետարանում ես բարձրացրի այդ հարցը, նրանք ասացին, որ հանձնաժողովը նոր գին մշակելու հարց պետք է քննարկի»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ փորձելու է անել, որ հաշվարկված գինը ներկայացնի հետագայի համար, իսկ ներկա վիճակը չի քննարկվելու:

«Նրանք կառաջարկեն նորմալ, առանց կանգնած երթևեկելու տրանսպորտ, իհարկե, մենք դրանից չենք կարող հրաժարվել, քանի որ բոլորս էլ ուզում ենք քաղաքակիրթ երթևեկել, բայց պետք է ընդունենք՝ թույլ չտալով մոլորեցնել մեզ»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

Քննարկման մասնակիցները ներկայացրին առաջարկներ, քննարկեցին դրանք և պլանավորեցին գործնական քայլերի անցնելու ծրագրեր: