Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի՝ նրա ազատամարտիկ ընկերները որոշել են ակցիաների շարք անցկացնել, որոնցից առաջինը լինելու է այն, որ նրանք իրենց արյունով վաստակած շքանշաններն ու կառավարական պարգևները հետ կհանձնեն ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանին: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արտեմ Պողոսյանը:

«Այդ պարգևները արժեզրկվել են, ինչու, որովհետև ազատամարտիկների սոցիալական հարցերին չտրվեց լուծում, միայն օդի մեջ խոստումներ. փաստորեն հասկացնել տվեցին մեզ, որ խաբում են ու խաբելու են ու չեն անելու էդ բանը, դրան զուգահեռ փորձում են մրոտել մեր մարտական ընկերոջ կերպարը: Անընդունելի ենք համարում Վոլոդյայի նման ազնիվ մարդուն սևացնելը: Նույնիսկ էդ ամնիստիա հայտարարելու պայմաններում մենք դեմ ենք, որ իրեն դրանով ազատ արձակեն, մենք պահանջում ենք, որ նրան արդարացված ազատեն: Դրա համար մենք որոշել ենք, ազատամարտիկների խորհուրդը որոշել է բազմաթիվ ակցիաներ անել: Առաջինը լինելու է այն, որ այս արժեզրկված մեդալները,

որ մենք արյամբ ենք վաստակել, հանձնելու ենք հետ, հավանաբար հանրապետության նախագահին, քանի որ նախագահը չի տիրապետում այս վիճակին, չի միջամտում կառավարության գործունեությանը, չի միջամտում դատախազության գործունեությանը, որ անօրեն քայլեր չկատարեն: Մենք մեր բողոքի բոլոր ձևերը փորձելու ենք: Այդ մեդալները, որոնք որ արժեզրկվել են, նաև նրա համար, որ բազմաթիվ կուսակցականների են բաժանվում մարտական մեդալներ, նույնիսկ այն մարդկանց, ովքեր չեն ծառայել հայոց բանակում, ուստի մեր պահանջները չբավարարելու դեպքում մենք դիմելու ենք այդ ակցիաներին»,- ասել է Արտեմ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը մտածում է բանակի պատվի մասին, մտածում է ազատամարտիկի սոցիալական վիճակի մասին, պետք է որ մինչ օրս քայլեր կատարած լինեն, բայց չկան այդ քայլերը, և դրա համար իրենք դիմելու են պայքարի, բողոքի բոլոր ձևերին:

«Ու թող մեզ չմեղադրեն, որ պայքարի էս ձևը սխալ է, էն ձևը սխալ է. պայքարի բոլոր ձևերն էլ ճիշտ են, քանի որ պարզ է դառնում, որ իշխանությունները սեփական շահից այն կողմ ոչ մի բանի մասին չեն մտածում»,- հավելել է ազատամարտիկը:

Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկ ընկերներից մեկն էլ՝ Գագիկ Սարուխանյանը, հիշեցնելով Ավետիսյանի երեկվա հայտարարությունը, ասել է, որ նա երեկ հայտարարություն է տարածել, որ բացի սոցիալական պայքարից, որ ազատամարտիկների խորհուրդը տանում է այդ գիծը, նա միանում է քաղաքական պայքարին:

«Այսինքն՝ համոզված լինելով, որ իր կալանավորումով են պատասխանում սոցիալական պահանջներին, նա գտնում է, որ այս իշխանությունները ի վիճակի չեն լուծել այդ խնդիրը, և նա շարունակելու է իր քաղաքական պայքարը արդեն»,- ասել է Գագիկ Սարուխանյանը: