ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը հրապարակելու համար«Коммерсантъ» կայքի աշխատակցուհիներն ազատվել են աշխատանքից: Պեսկովն ասել էր, թե Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Նավալնիի անունն էլ չի տալիս: «Коммерсант»-ի ժուռնալիստիկայի ակադեմիայի նախագահ Անդրեյ Կոլեսնիկովը «Коммерсантъ-FM»-ին տրված հարցազրույցում պարզաբանել է, որ լրագրողները հրապարակել են, ընդ որում՝ աղավաղված, փակ դռների ետևում կայացած հանդիպման ընթացքում ասված խոսքերը: Կոլեսնիկովը նշել է, որ Դմիտրի Պեսկովը ակադեմիայի ուսանողների առջև հանդես է եկել դասախոսությամբ՝ «Նորությունների լրագրությունը Ռուսաստանում» թեմայով, ընդ որում՝ հանդիպման հենց սկզբից նախազգուշացրել է, որ այն անցնում է off the record (առանց ձայնագրման) ձևաչափով: Սակայն, Կոլեսնիկովի խոսքերով, «Коммерсантъ» կայքի երկու լրագրողուհիները, ըստ երևույթին, չեն հասկացել և հանդիպման մասին երեք լուր են տվել: Լուրերը հանվել են կայքից, որովհետև մեջբերումները սխալ են եղել, և բացի այդ՝ «դրանք կոպտորեն խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը»:
«Դմիտրի Պեսկովը պատմեց, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի արտասանում Ալեքսեյ Նավալնիի անունը» վերնագրված ակնարկը կայքում հրապարակվել էր սեպտեմբերի 30-ին, ժամը 20.17: Դրանում մեջբերված էին հետևյալ խոսքերը. «Պուտինն այս երկրում քաղաքական առումով մրցակցությունից դուրս է, եթե նա արտասանիՆավալնիի անունը, ապա դրանով նրան կտա իր համբավի մի մասը»:
Ի դեպ, լրագրողները բազմիցս են նկատել, որ Պուտինը, պատասխանելով Նավալնիի մասին հարցերին, խուսափում է նրա անունը տալուց: Միակ անգամը, երբ նա հրապարակավ արտասանել է ընդդիմադիր առաջնորդի անունը, եղել է «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում: Ամերիկացի լրագրող Ալեք Լունն իր թվիթերյան էջում գրել է, որ հարցրել է Պուտինին, թե արդյոք նա դիտմա՞մբ չի տալիս Նավալնիի անունը, ինչի Ռուսաստանի նախագահը պատասխանել է. «Չէ, ինչո՞ւ», փոխանցում է lenta.ru-ն: