Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, գնահատելով եվրոբոնդերի (եվրոպարտատոմսեր) վաճառքի գործընթացը, ասաց, որ դա թույլ է տալիս նվազեցնել պարտատոմսերը պետական պարտքի շրջանակներում։

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ մասով ասաց, որ որոշ ընդդիմախոսներ փորձում են կասկածներ հարուցել եվրոբոնդերի տեղաբաշխման գործընթացի վրա և սևացնել այն. «Մեր երկրում բազմաթիվ թերություններ ունենք, բազմաթիվ բացթողումներ, դա թողած՝ ընկել են դրական բաների վրա ցեխ շպրտելու հետևից»։

 

Վերջինիս խոսքով՝ պետք է այդ մասով պարզաբանումներ ներկայացնել: «Այդ գործընթացում առաջինը մենք աշխատել ենք աշխարհի լավագույն կազմակերպությունների հետ, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ, որոնց հեղինակությունն այս շուկայում նույնպես կասկած չի հարուցում։ Հաջորդը՝ կարողացել ենք տեղաբաշխել այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքով»,- ասաց նա։

 

Վարչապետը նաև նշեց, որ շնորհիվ այդ տեղաբաշխման կլինեն տնտեսումներ, իսկ իրենց գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը: Նրա խոսքով՝ միջազգային մի շարք կազմակերպություններ դրական են գնահատել այդ գործընթացը։

 

«Վերջերս էլ Արժույթի միջազգային հիմնադրամը տվեց իր գնահատականը, որ դա իսկապես մեծ ձեռքբերում է մեզ համար: Սա բացառիկ հնարավորություն է ստեղծում մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու համար»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ ստացվում է ավելի մատչելի ֆինանսական միջոցներ ֆինանսական շուկայում, ավելի ցածր տոկոսադրույքներ. «Մի կողմից ցածր տոկոսադրույքներ, մյուս կողմից՝ ֆինանսական լայն հնարավորություն»:

 

Ֆինանսների նախարարն իր հերթին նշեց, որ այդ պարտատոմսերը 152 ներդրող է ձեռք բերել, ինչը լավ շուկա է համարվում, 42%-ը ԱՄՆ-ի ներդրողներ են, իսկ ներդրողների աշխարհագրությունը ծածկում է ֆինանսական բոլոր կենտրոնները:

 

Վերջինիս փոխանցմամբ՝ տեղաբաշխման ժամանակ բոլոր ներդրումները բոլոր տեղերից եկել են: Իսկ Վերջնական պահանջարկը կազմել է 2 մլրդ 700 մլն դոլար, ինչը նրա խոսքով, նույնպես վկայում է մեծ վստահության մասին:

 

Դավիթ Սարգսյանը նաև ներկայացրեց պետբյուջեում փոփոխություն կատարելու և մի շարք ծախսերի տեղաբաշխման ուղղություններ, ինչպես նաև եվրոպարտատոմսերից ստացված գումարի ծախսման ուղղությունները:

 

«Առաջին կետով վաղաժամկետ մարել ՌԴ-ից ստացված նախկին վարկի մայր գումարն ու տոկոսները 450 մլն դրամ գումար, երկրորդ՝ փոքր և միջին բիզնեսի վարկավորման նպատակներով ԿԲ-ին տրամադրել 60 միլիարդ դրամ 7 տարի ժամկետով 7%-ով: Ինչպես նաև խթանել ու պայմաններ ստեղծել՝ 3.9 մլրդ դրամ տրամադրել փոքր ու միջին ձեռնարկությունների վարկային կազմակերպությանը և 1 մլրդ 950 մլն՝ արտահանման ֆինանսական ապահովման կազմակերպությանը»,- ասաց նա: