Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել ԵԽԽՎ-ին չեղյալ համարել կրոնական թլպատումը արգելող բանաձևը' այն անվանելով սև կետ ԵԽԽՎ-ի բարոյական հեղինակության վրա. գրում է The Jerusalem Post-ը:
«Տղաներին թլպատելը 2 կրոնների' հրեականության և իսլամի հնագույն ավանդույթն է»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Իսրայելի իշխանությունների կարծիքով' պնդումներն առ այն, թե այդ վիրահատական միջամտությունը վնասակար է առողջությանը, սխալ է, և այդ պատճառով ԵԽԽՎ-ի բանաձևն «անթույլատրելի հարձակում է ինչպես կրոնական ավանդույթների, այնպես էլ' ժամանակակից բժշկության վրա»:
Բանաձևն ընդունվել էր հոկտեմբերի 2-ին' ձայների ճնշող մեծամասնությամբ: Այն նշում է, որ «տղաների կրոնական թլպատումը վաղ տարիքում երեխաների ֆիզիկական անձեռնմխելիության ոտնահարում է»:
Կրոնական թլպատման օրինական լինելու մասին հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացվել է Եվրոպայում: Այն հատկապես սուր բնույթ էր ստացել մեծ աղմուկ հանած սկանդալից հետո, երբ 2012-ի գարնանը Քյոլն քաղաքի դատարանը թլպատումը ճանաչեց քրեական հանցագործություն: Այդ որոշումը առաջ բերեց Գերմանիայի հրեաների և մուսուլմանների դժգոհությունը, ինչի արդյունքում Գերմանիայի խորհրդարանը հատուկ օրինագիծ ընդունեց, որով մինչև 14 տարեկան տղաների թլպատումը թողեց ծնողների հայեցողությանը: