Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը լուսանկարների տեսքով հրապարակվել էր SHAMSHYAN.com-ում, վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևանի բնակիչ Տիգրան Կարապետյանը, ով խախտումներ կատարելու ժամանակ վարելիս է եղել Porsche Cayenne մակնիշի 30 DD 001 համարանիշի ավտոմեքենան:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ նշված ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում մեքենան վարում էր առանց ամրագոտու, ընթացքում էլ խոսում էր հեռախոսով:
Ըստ ֆոտորագրողի տեղեկությունների՝ Տ. Կարապետյանը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է և երևի վստահ լինելով, որ «պապան» ամեն տեղ կարող է հարց լուծել այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունում, իրեն համարելով արտոնյալ, ճեմում էր նման ձևով, սակայն երիտասարդը մի բան հաշվի չէր առել, որ ճանապարհային ոստիկանությունը առաջվա նման չի. ով և ինչ «կալիբրի» ուզում ես լինես՝ խախտեցիր երթևեկության կանոնները, պարելու ես ճանապարհային ոստիկանի սուլիչի տակ: