Ըստ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ անվտանգության ծառայության պետ Արսեն Չիչյանին առաջադրված մեղադրանքի, նա իր վերաբերյալ Ախթալա համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանի և նրա եղբայրների կողմից անվանարկող տեղեկություններ տարածելու համար գործողություններ են կատարել: Մասնավորապես, նա 2012 թվականի օգոստոսի 30-ին բարեկամի՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ հսկիչ էդգար Հախվերդյանի հետ նախնական համաձայնությամբ, Հայկազ Խաչիկյանին գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, տևական ժամանակ Խաչիկյանների հասցեին բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և ոտքերով հարվածել շենքի բակում կայանած, Հայկազ Խաչիկյանի ծառայողական «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև էդգար Հախվերդյանը բարձրացել է նույն ավտոմեքենայի տանիքին և ցատկոտել դրա վրա, իսկ Արսեն Չիչյանը քննությամբ չպարզված առարկայով հարվածել է ավտոմեքենայի դիմապակուն ու վնասել' պատճառելով ընդհանուր 483.000 ՀՀ դրամ արժողության գույքային վնաս, որից հետո Արսեն Չիչյանը քարեր է նետել վերոհիշյալ շենքի ուղղությամբ:
Բացի այդ, նրանք՝ «իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խմբով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հարակից շենքերի բնակչության նկատմամբ»:
Այնուհետև Արսեն Չիչյանը և էդգար Հախվերդյանը, ըստ մեղադրանքի, «շարունակելով իրենց խուլիգանական գործողություններն» ու անտեսելով Հայկազ Խաչիկյանի եղբոր' Կարեն Խաչիկյանի կամքը, կոտրել են վերջինիս պատկանող բնակարանի մուտքի դուռը և նրա գույքին վնաս պատճառելու դիտավորությամբ ապօրինի մուտք գործել բնակարան, դիտավորյալ վնասել ու ոչնչացրել բնակարանի մեջ եղած 1.131.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության խորդանոցի դուռը, լուսամուտի ապակեփաթեթը, լրագրասեղանը, սպասքապահարանը, ջահը, հյուրասենյակի հատակի սալիկները, վարագույրը, բազմոցը, երեք հատ բջջային հեռախոսները, գորգը և տարբեր տեսակի սպասքեղեն ու այլ ապրանքներ' այդ ընթացքում բարձրաձայն շարունակելով Խաչիկյանների հասցեին տալ սեռական բնույթի հայհոյանքներ:
Արսեն Չիչյանն, ըստ մեղադրանքի, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանի ննջասենյակի պահարանի մեջ պահել գործարանային արտադրության երկու հատ 7.62 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2012 թվականի օգոստոսի 31-ին խուզարկության ժամանակ:
«Ձորահույս» ՍՊԸ-ում տնօրեն Կարեն Խաչիկյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա Չիչյանի և նրա բարեկամ էդգար Հախվերդյանի կողմից իր տան գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար վրեժխնդիր լինելու նպատակով իր հորեղբոր որդու' Վաչագան Խաչիկյանի հետ 2012թվականի օգոստոսի 30-ին ժամը 19-ի սահմաններում գնացել են Արսեն Չիչյանի հոր' Բենիկ Չիչյանին պատկանող տան բակը, Կ.Խաչիկյանը՝ անտեսելով Բենիկ Չիչյանի կամքը, ապօրինի մուտք է գործել բնակարան և գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած ռետինե մահակով ջարդել Բենիկ Չիչյանի տան գույքը' պատճառելով զգալի չափերով' 99.900 ՀՀ դրամ գույքային վնաս։
Բացի այդ, Կարեն Խաչիկյանը միաժամանակ ռետինե մահակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հարվածել է բնակարանում գտնվող Բենիկ Չիչյանի կնոջ' Նունե Խաչիկյանի մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան և առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արսեն Չիչյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատական նիստում հրաժարվել է առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ իր ցուցմունքում հայտարարելով, Ամբաստանյալ Էդգար Հախվերդյանը առաջադրված մեղադրանքում նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն' միայն Սյուզաննա Հարությունյանի գույքը ոչնչացնելու մեջ, իսկ նրա բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու մեջ իրեն մեղավոր չի ճանաչել: Դատական նիստում նա հրաժարվել է առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել և ցուցմունք տալ:
Ամբաստանյալ Կարեն Խաչիկյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Ըստ նրա, տեսնելով, որ իր բնակարանի մուտքի դուռը ջարդված-բացված վիճակում է, իսկ տան գույքը' ջարդված և հարևանի տանը տեսնելով իր կնոջը' Սյուզաննա Հարությունյանին անգիտակից վիճակում, զայրացած նստել է իր ավտոմեքենան և իր հորեղբոր որդի Վաչագան Խաչիկյանի հետ միասին գնացել Արսեն Չիչյանի բնակարան: Հասնելով Արսեն Չիչյանի շենքի բակ, այնտեղից վերցրել է խողովակի կտոր և մտնելով Արսեն Չիչյանի հոր՝ Բենիկ Չիչյանի բնակարան, սկսել ջարդել տան գույքը: Ինքը նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկին չի հարվածել, հնարավոր է, իրեն քաշելու և ետ պահելու ընթացքում ինչ-որ մեկը ստացել է մարմնական վնասվածք:
Ըստբ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը' դատավոր Ս. Բաղդասարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 30-ի դատավճռով ամբաստանյալ Արսեն Չիչյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ռազմամթերք պահելը և 147-րդ հոդվածով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը: Հանցանքների համակցությամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն, իսկ տուգանքը լրիվ գումարելու միջոցով Արսեն Չիչյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք 80.000 դրամի չափով:
Ամբաստանյալ Էդգար Հախվերդյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 147-րդ հոդվածով և հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով Էդգար Հախվերդյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով և տուգանք 80.000 ՀՀ դրամի չափով:
Ամբաստանյալ Կարեն Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, 147-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով՝ Ծեծը և հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով Կարեն Խաչիկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք 180.000 ՀՀ դրամի չափով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալներ Արսեն Չիչյանը, Էդգար Հախվերդյանը և Կարեն Խաչիկյանը նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական, Կարեն Խաչիկյանը խնամքին ունի անչափահաս երկու երեխաներ, ընտանիքի միակ կերակրողն է, Արսեն Չիչյանը մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը և որպես Երկրապահ կամավորների միության անդամ, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, ամբաստանյալները կամովին հատուցել են իրենց կողմից պատճառված նյութական վնասները:
«Փաստինֆո»