Lurer.com-ը շարունակում է պարբերաբար անդրադառնալ ԱԺ մեծամասնականով ընտրված պատգամավորների գործունեությանը: Ընտրատարածքների բնակիչները հստակ թվերով պետք է տեղեկացվեն, թե իրենց «ընտրյալները», բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Միաժամանակ, կոչ ենք անում, որ մյուս պատգամավորները ձգտեն հասկանալ մի պարզ բան. իրենք խորհրդարանում են հայտնվել օրենսդրական գործունեությամբ զբաղվելու առաքելությամբ, և պետք է վերջ տալ իրենց ընտրատարածքների բնակիչների նկատմամբ հանցավոր անտարբերությանը: Բոլոր պատգամավորներn ունեն հնարավորություն՝ բարելավելու իրենց ցուցանիշները, որպեսզի հաջորդիվ նրանց գործունեությանը կատարվելիք անդրադարձների ժամանակ մեր ձեռքի տակ ունենանք որևէ խոսուն փաստ, որը կվկայեր, որ այդ մարդիկ, ԱԺ-ում իրենց լուռ ներկայությունը արձանագրելուց բացի, երբեմն զբաղվում են Սահմանադրությամբ պատվիրակված պարտավորությունների կատարմամբ:
Հայաստանում, իհարկե, սուպերմարկետների պակաս չի զգացվում: Առևտրային նմանատիպ օբյեկտների թվին է դասվում նաև «Սաս» սուպերմարկետների ցանցը: «ՍԱՍ»-ը առևտուր կազմակերպող առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում: Առաջին հայացքին տարօրինակ ոչինչ այս փաստարկների մեջ չկա, եթե հաշվի չառնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության' այս առևտրային հսկայի սեփականատերը պետք է ոչ թե զբաղվեր բիզնեսով, այլ փոքրիկ խորհրդարանական սենյակում օրնիբուն, տքնաջան զբաղվեր օրենսդրական աշխատանքով, ազատ ժամերին էլ փոքրիկ բրդուճներ նետեր ԱԺ-ի պատուհաններից' մոտակայքում սավառնող ծիտիկներին կերակրելու համար (օրենքը չի արգելում պատգամավորին ձեռնարկելու հումանիտար քայլեր' թռչունների պահպանության նպատակով): Այդ երևակայական հումանիստը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն է:
Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանի անունը, հավանաբար, ընթերցողներից շատերին ոչինչ չի հուշում: Բայց բոլորը կնույնականացնեն նրա անձը, եթե ընդգծենք, որ սկսած շարքային քաղաքացիներով' վերջացրած իշխանական վերնախավով, նրան անվանում են «Սասի» Արտակ: Ժամանակին այս պատգամավորը Արթուր Բաղդասարյանի հովանավորյալներից էր, որի դրոշի տակ էլ 2004թ. դարձավ ԱԺ պատգամավոր: Հայտնի իրադարձությունների արդյունքում նա 2006 թվականին, շատերի նման, ջնջեց իր ճակատին գրված «Օրինաց երկիրը» և դարձավ «Գործարար» պատգամավորական խմբի անդամ:
Փառապանծ խորհրդարանականի օրենսդրական գործունեության մասին մեր բոլոր աղբյուրները չարամտորեն լռում են, մինչդեռ օրենքով արգելված գործունեության' բիզնեսի և դրա հարակից քաջագործությունների մասին տեղեկություններն անսպառ են:
Օրինակ' բոլորովին վերջերս ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես են «SAS» սուպերմարկետին մատակարարվող հացերը տեղափոխվում սննդի տեղափոխման համար չնախատեսված ավտոմեքենաներով՝ հակահիգիենիկ և հակասանիտարական պայմաններում: Ընդ որում, բոլոր օրենսդրական լուծումները, որոնք պահանջում են սննդի անվտանգության պարտադիր ապահովում, ընդունվել են նույն պատգամավորի քվեարկության արդյունքում:
Մամուլը չի լռում նաև նույն անձին պատկանող սուպերմարկետների աշխատակիցների նկատմամբ ֆեոդալական վերաբերմունքի մասին:
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խոսակցություններ էին տարածվում, որ Արտակ Սարգսյանի' Կենտրոն համայնքում գտնվող սուպերմարկետներից մեկի բոլոր աշխատակիցներին պարտադրել են մասնակցել ՀՀԿ-ի քարոզչական միջոցառումներին: Բանը հասել է նրան, որ հանդիպմանը չներկայացած աշխատակիցների աշխատավարձից պահումներ են կատարել, որպեսզի նյութապես զգան շեֆի քաղաքական հայացքները չկիսելու դառնությունը: Չենք անդրադառնում այնպիսի «մանր» օրինախախտումներին, ինչպիսին է սուպերմարկետի աշխատողների անձնագրերի հավաքագրումը' սեփական ընտրատարածքում գրանցելու համար:
Հայրենիքը չի մոռացել իր զավակի անձնվեր ծառայությունները' իշխանության հիմքերը անխաթար պահելու գործում: 2008թ. Արտակ Սարգսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Եվ այսպես, փորձառու օրենսդիրը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից: Հայաստանում «ընտրվել» բառը, իհարկե, կայացած փաստի շատ մեղմ բնորոշումն է, սակայն ստիպված ենք բավարարվել պաշտոնական ձևակերպումներով: Արաբկիրցիների շահերը պաշտպանելուն կոչված պատգամավորի աշխատանքային հաշվեկշռում բացակայում է օգտակար գործողության գործակիցը: Նա մասնակցել է 178 քվեարկությունների, որոնցից երկուսի դեպքում է միայն դեմ քվեարկել: Դեմ է քվեարկել ՀՅԴ-ի ներկայացրած նվազագույն աշխատավարձի դրույքաչափերի փոփոխությանը վերաբերվող օրենքի նախագծին և ընդդիմադիր պատգամավորների առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հասկանալի է իհարկե, որ այդ երկու նախագծերին դեմ են քվեարկել բոլոր իշխանամերձ պատգամավորները: Սուպերմարկետների ցանցի ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ' 33 անգամ բացակայել է ԱԺ նիստերից և խոսուն լռությամբ երբևե ելույթներ կամ հարցեր կառավարությանը չի հնչեցրել:
ՀՀԿ խմբակցության անդամը, հավանաբար, իր ոչ խորհրդարանական գործունեության համար խմբակցության ղեկավար Գալուստ Գրիգորիչի հանդիմանությանը երբևէ չի արժանացել: Երևի իշխանավորներին ոչ թե Ազգային ժողով է անհրաժեշտ, այլ բրենդային հագուստներով ԱԺ միջանցքներում երթևեկող հաստափոր մոդելներ:
Հակառակ դեպքում ԱԺ մեծամասնության մեջ անդրշիրիմյան լռություն չէր տիրի: