Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևանի պատմության թանգարան»-ում մասնակցել է «Հայկական գորգագործության ավանդույթները» ցուցադրության բացմանը, որը նվիրված է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը. հայտնում են քաղաքապետարանից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրության նմուշներին, ինչպես նաև սրահում ցուցադրվող գորգաթելերի ավանդական՝ բնական նյութերով ներկման եղանակին։
Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը պահպանվում է «Երևանի պատմության թանգարան»-ում։ Բոլոր ցուցանմուշները «Հայգորգ» արտադրական միավորման և դրա ավանդույթները պահպանող, ներկայիս սեփականատեր «Մեգերյան կարպետ» ընկերության գորգերն են։
Տարոն Մարգարյանը հայկական գորգագործության ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին պարգևատրել է քաղաքապետի շնորհակալագրով։
Րաֆֆի Մեգերյանը Երևանի քաղաքապետին է նվիրել Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով գորգիկ։