Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է ««Delfi AS»-ը ընդդեմ Էստոնիայի» (Delfi AS v. Estonia) գործով վճիռը, որը լրատվամիջոցներին վերաբերող շատ հետաքրքիր որոշում է կայացրել: Նշենք, որ «Delfi AS»-ը, ինչպես նշված է ՄԻԵԴ որոշման մեջ, էստոնական ինտերնետային լրատվամիջոց է, որը օրական հրապարակում է ավելի քան 330 լուր' էստոներեն, ռուսերեն: Լրատվամիջոցը թղթակիցներ ունի նաև Լատվիայում ու Լիտվայում:

Էստոնական դատական ատյանները համարել էին, որ «Delfi AS»-ը պատասխանատու է հրապարակումների տակ մարդկանց վիրավորական բնույթ պարունակող մեկնաբանությունների համար և լրատվամիջոցին ենթարկել էին պատասխանատվության: Իսկ «Delfi AS»-ը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան' համարելով, որ այդպիսով խախտվել է խոսքի ազատությունը սահմանող Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը: Բանն այն է, որ 2006-ի հունվարի 24-ին «Delfi AS»-ը մի նյութ է գրել Էստոնիայում ընկերություններից մեկը քանդել է նախապես ծրագրված սառցե ճանապարհը: Հրապարակման տակ տեղ է գտել 185 մեկնաբանություն, որոնցից շուրջ 20 մեկնաբանությունը անձնական վիրավորանք է պարունակել տվյալ ընկերության խորհրդի անդամներից մեկի (գործի նյութերում տվյալ անձը նշվում է' L) հասցեին: 2006-ի մարտի 9-ին L-ի իրավաբանները ընդդեմ լրատվամիջոցի հայց են ներկայացնում դատարան' պահանջելով վերացնել վիրավորական 20 մեկնաբանությունները և որպես փոխհատուցում վճարել 500 հազար կրոն (շուրջ 32 հազար եվրո): Լրատվամիջոցը հեռացրել է վիրավորական մեկնաբանությունները, սակայն հրաժարվել որպես փոխհատուցում վճարել վնասը: Էստոնիայի ներսում մի քանի տարի տևած դատական քաշքշուկից հետո «Delfi AS»-ը 2009-ի դեկտեմբերին դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Իր հերթին ստրասբուրգյան դատարանը միայն վերջերս' հոկտեմբերի 10-ին հրապարակել է ««Delfi AS»-ը ընդդեմ Էստոնիայի» վճիռը, որի համաձայն լրատվամիջոցին հրապարակումների տակ վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունների համար պատասխանատվության ենթարկելը չի հանդիսանում խոսքի ազատության խախտում:

Ըստ եվրոպական դատարանի որոշման'

այդ մեկնաբանությունները նախապես մոդերացիայի չեն ենթարկվել,
կայքէջում գրված է եղել այդ մասին, ինչպես նաև այն մասին, որ մեկնաբանություններ թողնում են ընթերցողները, իրենք դրանց համար պատասխանատու են և նրանց կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ. Կայքը ուղղակի հրապարակումները մեկնաբանելու տեխնիկական հնարավորություն է տալիս,
Ցանկացած ընթերցող կարող է տեղեկացնել վիրավորական մեկնաբանության մասին' ուղղակի համապատասխան կոճակը սեղմելու միջոցով, և խմբագրությունը կարող էր արձագանքել դրան,
Անձը, որին մեկնաբանությունենրում վիրավորել են, կարող էր դիմել խմբագրություն' մեկնաբանությունները ջնջելու խնդրանքով:

Ըստ ՄԻԵԴ պաշտոնական կայքէջի, ընկերության հիմնական սեփականատեր L.-ն, որին վիրավորել են մեկնաբանությունների մեջ, դիմել է խմբագրություն, որից հետո վիրավորանք պարունակող 20 մեկնաբանությունները հեռացվել են: Սակայն ընկերության սեփականատերը դատական ճանապարհով է փորձել պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցին:

Էստոնական դատարանները իրենց որոշումները հիմնավորել են, մասնավորապես, նրանով, որ խմբագրությունը իր ընթերցողներին ուղղորդել է մեկնաբանություններ թողնել հրապարակման տակ, կոչ արել մեկնաբանել հրապարակումը: Դա նպաստել է, որպեսզի կայքն ունենա բարձր հաճախելիություն, ինչն էլ եկամտաբեր կարող էր լինել գովազդ ստանալու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը չի հետևել մեկնաբանություններին և այդ բեռը թողել է պոտենցիալ զոհերի վրա, որոնք ինքնուրույն պետք է գտնեին վիրավորական մեկնաբանությունները ու ջնջեին: Միևնույն ժամանակ, իրենք մենկնաբանողները, ի տարբերության խմբագրությանը, խմբագրելու կամ ջնջելու հնարավորություն չեն ունեցել:

ՄԻԵԴ-ի որոշմամբ, «Delfi AS»-ին պատասխանատվության ենթարկելը հիմնավորված է, քանի որ մեկնաբանությունները ծայրահեղ վիրավորական էին, խմբագրությունը միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի դրանք չհրապարակվեն ու ջնջվեն ողջամիտ ժամկետներում, բացի այդ խմբագրությունը դրանից օգուտներ է ստացել:

Նշենք, որ Հայաստանում նման դեպք եղել է «Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» թերթի» գործով. թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում տպագրված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերնագրով հոդվածի տակ ընթերցողները մեկնաբանություններ էին թողել, որոնք թերթի դեմ հայցը ներկայացրած փաստաբան Արթուր Գրիգորյանը համարել էր իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող: Փաստաբանը օրաթերթից 18 միլիոն դրամ էր պահանջում։ Սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել էր մերժել փաստաբանի հայցն ընդդեմ լրատվամիջոցի և եզրակացրել էր, որ «Հրապարակ»-ի գործողություններում դիտավորություն չկա, ընկերությունը Արթուր Գրիգորյանի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վիրավորանքի ու զրպարտության միջոցով վնաս չի պատճառել: Բացի այդ, ըստ դատարանի, հայցվորը մինչև դատարան դիմելը, լրատվամիջոցին չի ներկայացրել մեկնաբանությունները ջնջելու մասին պահանջ, իսկ լրատվամիջոցը չէր կարող հեռացնել մարդկանց մեկնաբանությոնները, քանի որ այդ քայլով կսահմանափակեր իր ընթերցողների ազատ արտահայտվելու իրավունքը, որը խոսքի ազատության այնպիսի միջամտություն է: