Եվրախորհրդարանի կողմից Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի երաշխավորագրի ընդունումը չի կարող ֆիկտիվ կամ կիսատ բնույթ կրել: Այս մասին Tert.am-ին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը՝ ի պատասխան հարցի, թե հաշվի առնելով, որ այս համաձայնագիրն ընդունվել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի համատեքստում, որը, սակայն, չի նախաստորագրվելու, արդյոք փաստաթուղթը, ըստ էության, չգործող չի՞ լինի:

«Եվրամիության քաղաքական մշակույթի պարագայում մենք չպետք է քաղաքական մշակույթը խառնենք մեր շատ գործընկերների քաղաքական մշակույթի հետ: Եվ փաստաթուղթը կա՛մ լինում է, կա՛մ չի լինում: Բայց չի լինում էնպես, որ փաստաթուղթը կա, բայց ինքը ֆիկտիվ է: Այսինքն՝ բանակցված, ստորագրված փաստաթուղթը, երբ կավարտի իր բոլոր ընթացակարգերը, կմտնի ուժի մեջ և կգործի այն ծավալով, ինչ ծավալով, որ նախատեսված է»,- մեկնաբանեց Կարեն Բեքարյանը:

Հիշեցնենք, որ զույգ պայմանագրերի մասին համապատասխան երաշխավորագիրն ընդունվել է հոկտեմբերի 9-ին՝ Բրյուսելում խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, և ըստ այդմ՝ վիզաների տրամադրման գործընթացները կդառնան ավելի արագ (որոշումը կընդունվի 10 օրվա ընթացքում, արտակարգ դեպքերում' 2 օր կամ ավելի քիչ), վիզայի ստացման համար գումարը 60 եվրոյի կնվազեցվի 35-ի , և այլն: Սակայն պարզեցված կարգերը կգործեն որոշակի խմբերի համար՝ գիտնականներ, գործարարների, լրագրողներ, ուսանողներ և այլն:

Ամփոփելով Կարեն Բեքարյանը հավելեց, որ եթե այս պահին «այն մյուս դաշտում»՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ կապված կան անորոշություններ, դրանից երբեք չի բխում, որ վիզաների դյուրացման ողջ գործընթացն՝ իր ավարտուն տեսքին հասցված, կարող է վտանգվել:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը ևս ԵՄ-ի հետ ունի Վիզաների դյուրացման համաձայնագիր, սակայն բազմաթիվ ՌԴ քաղաքացիներ դժգոհում են, թե ոչ մի դյուրացում էլ տեղի չի ունեցել և ԵՄ երկրների հյուպատոսական ծառայությունները ինչպես և նախկինում, մերժում են վիզաների տրամադրումը:

Ի պատասխան՝ փորձագետը նշեց, որ դժվարանում է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև կնքված փաստաթուղթը կոչել «նման», քանի որ այդ պայմանագրերի քայլ առ քայլ, դյուրացման կարգը, ձևը, տեխնիկական ռեգուլյատորները տարբեր են. «Հետևաբար, ես չեմ կարող ասել՝ նո՞ւյնն է, թե ոչ: Եվ, իհարկե, նախկինում էլ կային և հիմա էլ կան ՌԴ և ԵՄ-ի միջև այդ բանակցությունները՝ քայլ առ քայլ աստիճանական կարգերին անցնելու»:

Հիշեցնենք, որ օրերս Բրյուսելում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպման ընթացքում անդրադարձ էր արվել Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Ի պատասխան հարցի, թե ի՞նչ է նշանակում «Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներ» և ի՞նչ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին կարող է խոսք լինել ինչպես գագաթնաժողովի, այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակաշրջանում, Կարեն Բեքարյանը նախ վերաարձանագրեց կողմերի մինչ այս պահն առկա դիրքորոշումները:

«Քանի անգամ ասվել է, որ եթե խոսքը վերաբերում է ԽՀԱԱՏ-ին կամ Ասոցացման այդ հատվածին, ապա Հայաստանի և ՌԴ նախագահների համատեղ հայտարարությունից հետո որոշակիորեն խնդիրներ առաջացան: Հայաստանը մի քանի անգամ նշեց, որ Ասոցացման մյուս բլոկների հետ որևէ խնդիր չունենալով՝ պատրաստ է և ունի ցանկություն՝ նախաստորագրելու: ԵՄ-ի կողմից վիճակը դեռ մնում է անորոշ, այսինքն՝ մի քանի անգամ տարբեր պաշտոնյաների կողմից հայտարարվեց, որ դրանք օրգանապես փոխկապակցված հատվածներ են և անջատել հնարավոր չէ: Բայց մյուս կողմից, կա հստակ գիտակցումը նրա, որ այսքան տարվա անցած ճանապարհը, հնարավոր չէ վերցնել մի կողմ կամ աղբարկղը նետել, և, հետևաբար, պետք է մի ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ»,- ասաց նա։

Ինքը՝ Կարեն Բեքարյանը, կասկած չունի, որ գործընթացի շարունակություն կլինի և նոր ձևաչափ կգտնվի, այլ հարց է, թե արդյոք դա հնարավո՞ր կլինի անել մինչև Վիլնյուս մեկնելը:

Այսօրվա դրությամբ հայտնի է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագրեր նախաստորագրելու են Մոլդովան ու Վրաստանը, իսկ Ուկրաինան՝ ստորագրելու է: Ի պատասխան հարցի, թե ո՞րն է լինելու մեր ձևաչափը, քաղաքագետը նկատեց, թե քանի որ Վիլնյուսում անցկացվելու է Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը,և եթե անգամ որևէ փաստաթուղթ ստորագրելու խնդիր չլիներ, Հայաստանը պետք է ներկայացված լիներ:

Կարեն Բեքարյանն ակնկալում է, որ հնարավոր է՝ կողմերը հասնեն մի հռչակագրային դրույթի փաստաթղթի, որ շարունակում են մշակել՝ հաշվի առնելով իրողությունները:

«Սա այն է, ինչ ընթացքի մեջ է, այսինքն՝ և՛ ԵՄ երկրներն են միմյանց հետ խորհրդակցում, և՛ Հայաստանի հետ են խորհրդակցում: Այսինքն՝ հենց հիմա էս պրոցեսը «եփվող» զարգացող ընթացքի մեջ է, և պետք է տեսնել՝ Վիլնյուսին ինչ ելակետով կհասնենք»,- ավելացրեց նա:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Վիլնյուսի գագաթնաժողովին մեր մասնակցությանը ավելի հոռետեսական է տրամադրված՝ ասելով. «Քեզ մի հատ ծրագիր են առաջարկում, որը մերժել ես։ Այդ փաթեթը, որ առաջարկում են, օրինակ՝ «Վիվասելը» ո՞նց է, պետք լինի էս, էս, էս: Հիմա դու փաթեթից հրաժարվում ես, գնում ես մի ուրիշ ծառայություն ես վերցնում»:

Բայց Բագրատ Ասատրյանն էլ կարծում է, որ Եվրոպայի հետ միանշանակ «ինչ-որ համագործակցություն, բան» լինելու է: Իսկ թե ի՞նչ է լինելու, կպարզվի տեղում:

Նշենք, որ, սովորաբար, գագաթնաժողովներին երկրի ներկայացվածությունը լինում է կամ երկրի նախագահի, կամ արտգործնախարարների մակարդակով: