Վաղը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դրամատիկ դատավարության հերթական փուլն է, հայոց նորագույն պատմության ամենաամոթալի էջերից մեկը: ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը անցած տարի դատապարտվել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2011 թվականի օգոստոսին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս պահին Տիգրան Առաքելյանը գտնվում է անազատության մեջ արդեն շուրջ երկուսուկես տարի' չնայած նրա ազատ արձակման երաշխավորագրերի տակ ստորագրել են հարյուրավոր անվանի հասարակական և քաղաքական գործիչներ:


Քաղբանտարկյալների առկայությունն ու այլախոհության ճնշումը այն քաղաքացիական զարթոնքի ֆոնին, որը ամբողջ աշխարհում աննախադեպ թափ է հավաքել, պարզապես քաղաքական անհեռատեսության արդյունք է: Ազատության մեջ հայտնվելով՝ Տիգրան Առաքելյանն ու իր ընկերները, մեծ հաշվով, քաղաքական ալեկոծության ալիք չեն կարող բարձրացնել, սակայն նրանց պահելով անազատության մեջ՝ Հայաստանի առջև ծագում են լրացուցիչ միջազգային պարտավորություններ: Հայաստանում քաղաքական ազատությունները, անկախ կոսմետիկ բարեփոխումներից, շարունակում են աչք ծակել շինծու և արհեստական գոյությամբ:

 

Իրական ազատությունների երկրում քաղբանտարկյալների մասին պետք է նշվի բացառապես պատմության դասագրքերում: Ի դեպ, այն, որ Տիգրան Առաքելյանը և իր ընկերները հետապնդվում են իրենց քաղաքական գործունեության համար, արդյունք է այն անտարբեր վերաբերմունքի, որը ցույց են տալիս հայաստանյան ընդդիմության տարբեր թևերը: Ի վերջո, քաղբանտարկյալը միայն Կոնգրեսինը չէ, քաղբանտարկյալը բոլորինս է, բոլոր իրեն հարգող քաղաքացիներինը, որովհետև այլախոհությունը մարդու բնական իրավունքն է, իսկ եթե որևէ մեկը մեր պետության մեջ հետապնդվում է այլախոհության համար՝ մենք մեր լռությամբ իրավունք ենք տալիս, որ մեր նկատմամբ էլ կիրառվեն նույն հետապնումները:

 

Այժմ քաղաքական այս թնջուկը հանգուցալուծելու համար իշխանությունները փորձում են Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառել համաներումը: Սակայն ՀԱԿ ակտիվիստը հոկտեմբերի 9-ին դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից: Իր հերթին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ նախաքննության և դատաքննության փուլում գտնվողները կարող են հրաժարվել համաներումից:

 

Այս ամբողջ պատմության մեջ կա մի շատ հետաքրքիր նրբերանգ' համաներման կիրառմամբ ազատ արձակելով Տիգրան Առաքելյանին' իշխանությունները ավարտին են հասցնում նրա նկատմամբ պատվիրված քաղաքական հետապնդումը, հետևաբար իրավական տեսակետից մարդը կրում է իր պատիժը' չկատարած հանցանքի համար: Շատ կարևոր է, որ վաղը դատարանը տղաների գործով հենց արդարացման դատավճիռ կայացնի, հակառակ պարագայում ստացվում է, որ պետությանը անխնա հարստահարած Մարգար Օհանյանը և հանուն իրենց երազած Հայաստանի խաղաղ պայքարի դուրս եկած տղաները դիտվում են նույն հարթության մեջ: Նրանց միակ ընդհանրությունն այն է, որ դարձել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի քինախնդրության զոհերը: Օհանյանի դեպքում, անշուշտ, քրեական գործը լրջագույն հիմքեր է ունեցել, չնայած այդ հիմքերը ջրի երես են դուրս եկել միայն այն ժամանակ, երբ Ալիկ Սարգսյանի և Մարգար Օհանյանի ջրերը մեկ առվով չեն հոսել: Մինչդեռ ՀԱԿ-ի երիտասարդները իրենց պայքարով խաթարել են ոստիկանապետի անդորրը, որովհետև չեն լռել նրա ապօրինությունների մասին:

 

Հայաստանի իշխանություններ, պարզապես սթափ գնահատեք պահը և դադարեցրեք քրեական հետապնդումը և արդարացման վճիռ կայացրեք:

 

Կատարեք այդ քայլը հանուն երկրի վարկանիշի...

 

Կատարեք հանուն երկրի ներքին անդորրի...

 

Միջազգային կառույցներին պաս մի տվեք այն գնդակը, որով գոլ են խփելու ձեր դարպասը...

 

Մի ընկճեք երիտասարդ սերնդի ներքին ընդվզումը...

 

Այդ ընդվզումը նաև ձեր զավակների ու թոռների արժանապատիվ գոյության գրավականն է...

 

Վաղվա դատավարությունը ձեր շանսն է՝ Հայաստանը մի քանի կետով առաջ մղելու համար...

 

Վարուժան Բաբաջանյան