Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող ճանապարհի մեջտեղում, վթարված ավտոմեքենա կա կայանված:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի և ավագ տեսուչ Հովհաննես Մկրտչյանի գլխավորությամբ: ՃՈ աշխատակիցները ոստիկանութան Մասիսի բաժնի օպերատիվ խմբի հետ նշված հատվածում հայտնաբերել են Mercedes մակնիշի 31 ՏՏ 717 համարանիշի ավտոմեքենան՝ դիմապակին և առջևի մասն ամբողջովին վնասված:
Ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Բեյբությանի անվամբ, ում հետ արդեն հեռախոսով կապնվել է ավագ տեսուչ Հ. Մկրտչյանը, և նա հաստատել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն և նա տվել է ընկերոջը՝ վարելու նպատակով: Ոստիկանությունը պարզում է, թե ով է վարել նշված ավտոմեքենան և արդյոք վթարի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ամբողջական ֆոտոշարքը` shamshyan.com-ում: