Օրերս հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակված Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը, որտեղ նա քննադատել է երկրի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների գործելաոճը, զայրացրել է Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը իր քննադատությունների թվում կաթողիկոսին համարել է սատանա:
Կաթողիկոսը զանգահարել է Սերժ Սարգսյանին և պահանջել պատժել Ծատուրյանին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրահանգել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ պարտադրել Նիկոլայ Ծատուրյանի հրաժարականը:

 

Տեղեկությունները ճշտելու և թատրոնում տիրող մթնոլորտի մասին MediaMall.am-ը զրուցեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ:

 

Պարոն Վիրաբյան, որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը պաշտոնանկ է արվելու՝ իշխանություններին անհաճո դիրքորոշում արտահայտելու համար:


Անկեղծ ասած մեր տեղեկությունները նույնպես մամուլից ստացած տեղեկություններ են, որևէ պաշտոնապես հաստատված ինֆորմացիա չկա:

 

Ի՞նչ եք կարծում, մշակույթի նախարարը ինչու՞ չընդունեց Նիկոլայ Ծատուրյանին: Այդ փաստը կապ ունե՞ր հայտնի հարցազրույցում նրա արտահայտած դիրքորոշման հետ:


Մենք ներքին համոզմունք ունենք, որ նախարար Հասմիկ Պողոսյանի և պարոն Ծատությանի՝ այդպես էլ չկայացած հանդիպման ժամանակ քննարկումները ծավալվելու էին ոչ թե պաշտոնանկության, այլ թատրոնի և նրա ստեղծագործական խնդիրների մասին, որովհետև կային մի քանի հարցեր, որոնք Նիկոլայ Ծատուրյանը պատրաստվում էր քննարկել նախարարի հետ: Հանդիպման պայմանավորվածությունը եղել է նախքան պարոն Ծատուրյանի հայտնի հարցազրույցը՝ Սոս Սարգսյանի թաղման արարողության ժամանակ: Այնպես որ, նման ենթադրություններ անելու պաշտոնական հիմք չկա:

 

Եթե տեղեկությունները հաստատվեն և Նիկոլայ Ծատուրյանի պաշտոնանկության գործընթաց սկսվի՝ թատրոնի կոլեկտիվի ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի:

 

Թատրոնները պետական ոչ առևտրային կազմակերպություններ են և նախարարը իրավասու չէ աշխատանքից ազատելու գեղարվեստական ղեկավարին: Գեղարվեստական ղեկավար նշանակում և ազատում են ՊՈԱԿ-ների տնօրենները: Սակայն, Աստված մի արասցե, եթե որևէ եղանակով փորձեն ազատ կարծիք արտահայտելու համար հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ թատրոնը, բնականաբար, կկանգնի իր գեղարվեստական ղեկավարի կողքին, որովհետև պարոն Ծատուրյանի ղեկավարության ներքո թատրոնը ապրում է իր ստեղծագործական վերելքի լավագույն տարիները: Ավելին ասեմ, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնը Նիկոլայ Ծատուրյանի, կարելի է ասել, հարազատ տունն է, և մարդուն հանել իր տանից՝ այդքան էլ հեշտ չէ: Նա խոշորագույն արվեստագետ է, որը անչափ անհրաժեշտ է հայ թատերարվեստին:

 

Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարի անվան շուրջ ձևավորված աժիոտաժը բացասաբար չի՞ ազդում ստեղծագործական մթնոլորտի վրա:

 

Թատրոնը աշխատում է իր բնականոն ընթացքով, այս պահին Նիկոլայ Ծատուրյանը նոր ներկայացում է բեմադրում, մենք հոկտեմբերի 20-ին խաղում ենք մեր հերթական ներկայացումը: Քանի որ որևէ պաշտոնական հիմք չունենք, որ մեր գեղարվեստական ղեկավարին պաշտոնանկություն է սպառնում, մենք նորմալ աշխատում ենք, սակայն եթե նման քայլ կարվի՝ ամեն ինչ այլ ընթացք կստանա: Նիկոլայ Ծատուրյանը հարգված և տաղանդավոր անձնավորություն է, և մենք թույլ չենք տա, որ նրա նկատմամբ հաշվեհարդար իրականացվի:


Վարուժան Բաբաջանյան