Tert.am-ի հետ զրույցում Գրողների միության նախագահի թեկնածու Էդվարդ Միլիտոնյանը անդարադառնում է իր ծրագրային դրույթներին, երիտասարդ գրողներ-ավագներ հակադրությանը և հարցին, թե ինչ պետք է անի կամ չանի Գրողների միության նախագահը, այն դեպքում, երբ մտավորականությունն անտարբեր է Հայաստանում տեղի ունեցած հասարակական, քաղաքական գործընթացների նկատմամբ:

 

- Պարոն Միլիտոնյան, երբ նոր էին թեժացել Գրողների միության նախագահի թեկնածուների մասին խոսակցությունները Դուք հայտարարել էիք, որ չեք առաջադրվելու:

 

- Ես այդպիսի հայտարություն չեմ արել, ես ասել եմ՝ կմտածեմ, ես վերջնական ոչինչ չեմ ասել, չեմ ժխտել կամ հաստատել:

 

- Լավ, և մտածեցի՛ք:

 

-Ես երեկ էլ ասացի, մտածելով չէ, ես ինը տարի այստեղ քարտուղար եմ աշխատել հասարակական կարգով և մեր արած գործի՝ Լևոն Անանյանի և մյուս քարտուղարների հետ, շարունակելիության էսպես նպատակ կա: Եվ նաև՝ ինչու չէ, ընդլայնելու և նաև պահպանելու լավը և շարունակելու, որովհետև ինչքան հասկացա կարդալով որոշ մարդկանց հարցազրույցները, ովքեր ուզում են թեկնածու լինել կամ … տեսա , որ կարող է գեղարվեստական ճաշակի խաթարում լինել, գրողների միության բարվոք գործունեություն չլինել:

 

- Շատ էր խոսվում, որ երիտասարդ գրողներն ուզում են ունենալ իրենց թեկնածուին և որ ավագների հիմնական մրցակիցը հենց նրանց մեջից է լինելու, ինչը տեղի չունեցավ…

 

- Նման բան չկա, հիմա երիտասարդներն իրենք քննարկել են, մի մասը եկել են, զրուցել ենք և նրանց հետ աշխատել ենք: Ինչը նոր չէ, մենք երիտասարդների հետ աշխատել և աշխատելու ենք, նման խնդիր չկա:

 

-Այսինքն՝ Ձերը ինքնառաջադրում չէ:

 

-Ո՛չ, ինձ առաջադրել են որոշակի խումբ գրողներ, որոնց անունների մի փոքր մասը վաղը «Գրական թերթում» կտպագրվի:

 

- Դուք մյուս երկուսի՝ Հովիկ Հովեյանի և Դավիթ Սարգսյանի հետ սերնդակիցներ եք…

 

- Սերնդակից չենք, նրանք մի քիչ փոքր են, բայց ես բոլորին համարում եմ, այո, մի քիչ կրտսեր սերնդակից ենք, այո:

 

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցներին:

 

- Ոչ մի բանով էլ չեմ գնահատում բոլորն էլ իմ ընկերներն են, երկուսն էլ, գնահատելու հարց չկա, նրանք ցանկություն ունեն մասնակցելու, դա, իհարկե, լավ է, շատ լավ է, որովհետև ծրագրեր կառաջդրեն, եթե լավ ծրագրեր կան, ով էլ ընտրվի, իր ծրագրերից ինչ-որ բան կվերցնի: Սպորտային մրցում ես դա չեմ դիտարկում, էնպես որ, ամեն ինչ համագումարն ինքը կորոշի:

 

- Դուք որպես առաջադրվելու հիմնավորում նշեցիք շարունականության հարցը, մինչդեռ կան գրողներ, ովքեր ուզում են փոփոխություններ: Ավելին՝ որոշների գնահատմամբ՝ փոփոխություններ ճահճից:

 

- Փոփոխություններ միշտ էլ լինելու են: Գրողների միությունը հասարաական կազմակերպություն է, գրողների միավորում է, փոփոխություններ կլինեն և՛ կանոնադրության մեջ, և՛ գործունեության մեջ, բազմաթիվ, այո, նորամուծություններ կլինեն,ընթացքում փոփոխությունների հարցեր կառաջանան: Այնպես որ կենդանի օրգանիզմ է Գրողների միությունը...

 

- Շատերն ասում են՝ մեռած օրգանիզմ է:

 

- Շատերը չեն դրանք, ոչ ոք չի հաշվել՝ շատերն են, թե քչերը: Ես էլ կասեմ, շատերն ասում են, որ այս օրգանիզմը լավ բաներ էլ է արել և կարող է շարունակել գործել դրական ուղղությամբ:

 

- Փոփոխությւնները ակնկալվում են ոչ թե կանոնադրության մեջ փոփոխություններիի տեսքով, այլ այն անհաղորդ կեցվածքի, որ ունեն հայ գրողները երկրում ամեն տեսակ քաղաքական, հասարակական նշանակության իրադարձությունների նկատմամբ՝ դրանց որևէ կերպ չարձագանքելով: Այսինքն՝ ըստ առանձին մեկնաբանությունների գերադասում են իշխանությանը չհակառել, առհասարակ, ոչինչ չեն լսում, ոչինչ չեն տեսնում :

 

– Դա ամեն գրողի, ամեն մտավորականի խնդիրն է: Ես գիտեմ բազմաթիվ մտավորականների, որոնք ամեն մի ցավոտ հարցի անմիջական արձագանք տալիս են: Առաջին հերթին գրական մամուլը նկատի ունեմ՝ և՛ մեր գրական թերթում, և՛ մամուլի այլ օրգաններում բազմաթիվ գրողների հոդվածներ կտեսնեք, խոսք կտեսնեք: Էնպես որ, ես պարտավոր չեմ բոլոր գրողների անունից խոսք ասել, թե իրենք ոնց են արձագանքելու: Դա ամեն գրողի խղճի և պարտականության… իր խնդիրն է: Ամեն գրողի, այնպես որ Գրողների միությունը մի մահակ չէ, որ պիտի գրողներին մղի լինել էստեղ կամ էնտեղ:

 

- Շատ հակիրճ փոփոխությունների Ձեր տեսլականը: Ի՞նչ եք նախատեսում անել Ձեր ներկայացվելիք ծրագրով:

 

- Ծրագիրը վաղը կտապգրվի, ծրագրային դրույթները: Մենք գրողների ստեղծագործական և սոցիալական հարցերով բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք և էդ չլուծված խնդիրները պիտի աշխատենք հընթացս լուծենք և էն լավ բաներն էլ, որոնք արվել են, շարունակենք:

 

- Գրողների միության անդամների սոցիալական հարցի լուծումը ինչպե՞ս եք պատկերացնում:

 

- Սոցիալականը բարդ հարց է, բնակարաշինությունից մինչև կեցության խնդիրներ, աշխատանքի տեղավորման: Էդ բոլոր հարցերով կան որոշակի ծրագրային դրույթներ և կլինի աշխատանքի ընթացքում, եթե համագումարը ընտրի ինձ:

 

- Լսեցի կարծիք, որ վերջին շրջանում այդ սոցիալական հարցերը ուղղակի լուծվում էին որոշ գրողների համար հետմահու, երբ այդ պարտավորթյունը վերջանում էր նրանց դագաղ տրամադրելով:

 

- Էդ խոսողները թող գային Լևոն Անանյանի մոտ և ասեին՝ այ սենց լավ ծրագիր կա, որպեսզի իրագործենք: Մենք միշտ էլ բաց ենք եղել, հիմա էլ, ով էլ ընտրվի, կարծում եմ՝ պիտի էդ ուղղությամբ բոլորի հետ աշխատի:

 

- Ավանդաբար, ամեն Գրողների միության նախագահի ընտրությունից ընտրություն քննարկվում է հարցը, թե Գրողների միության նախագահը պետք է որակյալ ստեղծագործո՞ղ լինի, թե լավ կազմակերպիչ:

 

- Ես էդ երկուսը չեմ բաժանում իրարից և որևէ օրենքով սահմնաված չէ, որ էդ երկուսը չեն կարող միասին լինել: Կարող են միասին լինել մի մարդու կերպարով: Մենք ունեցել ենք նման նախագահներ՝ Լևոն Անանյանը, Վարդգես Պետրոսյանը, Ավետիք Իսահակյանը, Էդվարդ Թոփչյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը: Նրանք մարդիկ են, ովքեր լավ գործեր արել են և հնարավորություն եղել է անելու: Այնպես որ, ասել, որ պիտի միայն կարողանա կազմակերպիչ լինի կամ ստեղծագործող: Էդպես չի: